Թող հետ տանեն մաքսատնից. Հայաստանը չպետք է second hand ապրանքների արտահանման ուղղություն դառնա. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Բարեգործության առկա տրամաբանությունից պետք է դուրս գալ. մենք պետք է բարեգործության մասին այնպիսի օրենք ընդունենք, որ Հայաստանը դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, դա անթույլատրելի է, դա ուղիղ հակասում է այն տրամաբանությանը և գաղափարախոսությանը, որը մենք իրագործում  ենք: Այս մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես դեմ եմ բոլոր նման դեպքերում որևէ կարգի օգնություն, աջակցություն ստանալուն։ Նույնիսկ, եթե եկել է Հայաստանի Հանրապետություն, մաքսատանը կանգնած է, ոչինչ, թող մաքսատնից հետ տան: Աշխարհում այնքան երկրներ կան, որ դրա կարիքը ունեն և իրենց համար խնդիր չի, այդ օգտագործած, մաշած, կիսափչացած ապրանքները ընդունեն: Հայաստան չպետք է մտնի ընդհանրապես որևէ այդպիսի ապրանք: ՊԵԿ-ին ես ասել եմ՝ նման դեպքեր չլինեն, կամ եթե ինչ-որ առանձնահատուկ դեպքեր կա, ինձ անպայման դրա մասին պետք է զեկուցեն»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա խոստովանեց, որ եղել են ժամանակներ, որ այդ ամեն-ինչը Հայաստանի համար կարևոր է եղել. «Ես ուզում եմ ՀՀ կառավարության և ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ այդ իսկապես պահանջված ապրանքները, ուտելիքը, սնունդը ուղարկել են Հայաստան: Բայց կարծում եմ, մենք այդ էջը պետք է փակված համարենք և բարեգործության մասին նոր օրենք ընդունենք, որտեղ շատ հստակ և խիստ տրամաբանություն կլինի:

Բարեգործություն ասածը մեր երկրում պետք է ունենա այն իմաստը, ինչ-որ առաջավոր և զարգացած երկրներում է: Հիմա թվում է, թե բարեգործության դեմ բան ենք ասում, մենք բարեգործության դեմ ոչինչ չունենք, մենք ունենք բարեգործության այն ընկալման դեմ, որը ցավոք սրտի բավական երկար ժամանակ, այդ թվում օբյեկտիվ պատճառներով, գործել է Հայաստանում»: