Ազատ տնտեսական գոտի բացելու համար անհրաժեշտ է մասնավոր նախաձեռնություն եւ ներդրումներ։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում մարտի 6-ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով Գյումրիում ԱՏԳ ստեղծելու հնարավորության մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
Նախարարի խոսքերով, սովորաբար ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են քննարկումների եւ մասնավոր ներդրողների գրավման արդյունքում։
«Ինչպես գիտեք, Հայաստանում, բացի Մեղրիից, կա եւս երեք ԱՏԳ, երկուսը՝ Երեւանում, մեկը՝ Հրազդանում։ Նախկինում քննարկումներ են եղել նաեւ Գյումրիի վերաբերյալ»,- նշել է Խաչատրյանը։
Նա նաեւ ասել է, որ ընկերություններից մեկը ծրագրել է միջոցներ ներդնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից ոչ հեռու լոգիստիկ կենտրոն ստեղծելու համար եւ նույնիսկ այդ հարցով քննարկում է տեղի ունեցել, բայց գործը դրանից ավել տեղից չի շարժվել։
Ընդ որում, ինչպես նշել է պաշտոնյան, երբ ստանան կոնկրետ ծրագրային առաջարկություն, այդ ժամանակ տեղական իշխանությունների հետ կքննարկեն այդ հնարավորությունը։
Խաչատրյանն ընդգծել է, որ իշխանությունները սատարում են ներդրումային ծրագրերին Հայաստանի այն ոլորտներում, որտեղ տնտեսական ակտիվությունն այնքան էլ բարձր չէ։
0Comments