Իրանի խորհրդարանը փակ նիստում քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու միջոցները

Մանրամասներ
աժ

Իրանի խորհրդարանը մտադիր է Իսրայելի գործողություններին արձագանքելու միջոցների վերաբերյալ իր առաջարկները ներկայացնել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ վերջնական որոշում կայացնելու համար, հայտնում է Mehr-ը։

Իրանի խորհրդարանը փակ նիստ է անցկացրել, որում քննարկել է Իսրայելի կողմից Բեյրութում «Հեզբոլլահի» առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի սպանությունը։

Նիստի ընթացքում Իրանի օրենսդիրները քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները։ Այսօր խորհրդարանի փակ նիստն անցկացվել է Նասրալլայի և շարժման մի քանի այլ հրամանատարների սպանության հանգամանքները հետաքննելու համար, Mehr-ին է տեղեկացրել Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Նադերին:

Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում օրենսդիրները առաջարկություններ են արել, թե ինչպես վրեժ լուծել Իսրայելից։

Իրանի խորհրդարանն առաջարկներ կներկայացնի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին (ԱԱԲԽ), ասել է նա՝ հավելելով, որ ԱԱԲԽ-ն կքննարկի «Իսրայելի հանցագործությունների դեմ լավագույն միջոցներն ընտրելու ուղիները»։

Շաբաթ օրը Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը նույնպես նիստ է անցկացրել Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով։