Տնտեսական աճը, կայուն և արագ զարգացումը՝ աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են

Սիլվի Բոսութղոն նշել է, որ պատրաստվում է Հայաստանի հետ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը

Տնտեսական աճը, կայուն եւ արագ զարգացումը երկրում աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են: Այս մասին այսօր ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի:

Ընդգծելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների` ՀԲ-ի հետ աշխատանքը շատ կարեւոր է մեր երկրի համար: Նախագահի խոսքով՝ տնտեսական աճը, կայուն եւ արագ զարգացումը երկրում աղքատությունը հաղթահարելու հիմնական գործիքներն են: Համաշխարհային բանկի հետ իրականացվող համատեղ ծրագրերը պետք է միտված լինեն առկա խնդիրների լուծմանը այդ գործիքների միջոցով:

Սիլվի Բոսութղոն նշել է, որ պատրաստվում է Հայաստանի հետ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթը: Այն խարսխված է լինելու երեք հիմնասյուների վրա՝ արտահանման խթանում ու մրցունակություն, մարդկային կապիտալի զարգացում եւ բնապահպանություն ու ռեսուրսների կառավարում:

Երկրի ապագայի համար կարեւորելով բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության զարգացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ համատեքստում իր ջանքերն ուղղված են բարձր տեխնոլոգիաների ու նորարարությունների խրախուսմանը եւ այստեղ կա արդյունավետ գործակցության մեծ ներուժ: