Լևոն Երանոսյանի գործով նախաքննությունն ավարտվեց

Գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթացման

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթացման։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում  և դրանով իսկ պայմանավորված` չունենալով հատուկ միջոցառումների իրականացման միջոց հանդիսացող «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում,  Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Լևոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: