Մենք ցանկանում ենք բարձրացնել նվազագույն աշխատավարձը Հայաստանում, որը չի փոխվել 2014 թվականից։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հոկտեմբերի 2-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
Հիմնավորումը, ինչպես նշեց պատգամավորը, հիմնվում է նվազագույն սպառողական զամբյուղի չափի վրա՝ ընթացիկ միջին գներով, որոնք հրապարակել է Վիճակագրության պետական կոմիտեն։
Նշենք, որ հաշվետվության համաձայն, որը ներկայացրել է Պետեկամուտների կոմիտեն, 2019 թվականի մարտի դրությամբ հաստիքային աշխատողների թիվը հանրապետությունում, որոնք ստանում են մինչեւ 81820 դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ, չի գերազանցում 45000-ը, որոնցից 8400-ը պետական հատվածի աշխատակիցներ են եւ 6000-ը ներգրավված են հասարակական ոչառեւտրային կազմակերպությունների գործունեությունում։
Միեւնույն ժամանակ, պետական բյուջեից կպահանջվեն մոտ 840 մլն դրամ ամենամյա լրացուցիչ ծախսեր եւ 392 մլն դրամ համայնքների բյուջեից։ Ընդհանուր առմամբ, այս նախաձեռնության իրականացման համար պետբյուջեից եւ մասնավոր սեկտորից պետք է հատկացվի մոտ 3,46 մլրդ դրամ։
Խորհրդարանականի կարծիքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը թույլ կտա լուծել մի շարք սոցիալական հարցեր։ Նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես կարծում է Կարապետյանը, միջին աշխատավարձը նույնպես կբարձրանա։ Բացի այդ, մասնավոր եւ պետական հատվածների միջեւ աշխատավարձերի տարբերությունը կկրճատվի, իսկ ավելի շատ վճարելու պատրաստակամության դեպքում գործատուն կկարողանա ավելի որակյալ մասնագետներ վարձել։ Կառաջանա նաեւ մրցակցություն գործատուների միջեւ, որոնք կպայքարեն իրենց մոտ որակյալ անձնակազմ եւ պրոֆեսիոնալ կադրեր ունենալու համար, ինչի պատճառով մրցակցությունը, փաստորեն, կնպաստի աշխատավարձի հետագա բարձրացմանը։
Պատգամավորը տեղեկացրել է, որ խորհրդարանականներն սկզբում ցանկանում էին նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչեւ 63 հազար դրամ, բայց կառավարությունը դա բավարար չհամարեց եւ առաջարկեց նշաձողը բարձրացնել եւս 5 հազար դրամով՝ այն հասցնելով 68 հազար դրամի։
Նշենք, որ աշխատանքի նախարարության տվյալներով՝ այժմ 45 հազար մարդ մասնավոր հատվածում եւ 35 հազար մարդ պետհատվածում ստանում են նվազագույն աշխատավարձ 55 հազար դրամի չափով։
0Comments