ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մուհամմադ Իսա Ալ Զաաբիին Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի երկու երկրների միջև կապերի առավել սերտացմանն ու աշխուժացմանը:
Քաղաքական երկխոսության համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը` ընդգծելով, որ առաջիկայում կձևավորվի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ պատգամավորական բարեկամական խումբը:
Անդրադառնալով հայ-էմիրաթական հարաբերություններին` ԱԺ նախագահը առևտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու գործում ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
«Հայաստանի համար Արաբական Միացյալ Էմիրությունները կարող է պատուհան լինել Ծոցի երկրների հետ փոխգործակցության շրջանակներում, իսկ Հայաստանն իր հերթին Միացյալ Էմիրությունների համար կարող է կամուրջ հանդիսանալ դեպի ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր Ազգային ժողովը շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:
ԱՄԷ դեսպանը համոզմունք է հայտնել, որ ջանքեր կներդնի երկկողմ հարաբերությունների խթանման հարցում՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների: Նա մեծապես կարևորել է ԱՄԷ-ի հայ համայնքի դերը երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման, ինչպես նաև մասնակցությունը երկրի զարգացման գործում:
Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժին, մասնավորապես առանձնացրել նորագույն տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառները, խոսել գործարարության զարգացման ու ներդրումների իրականացման հարցում մեր երկրում ստեղծված հնարավորությունների և ձևավորված բարենպաստ մթնոլորտի մասին:
0Comments