Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում փոփոխություններ կատարեց ուսուցիչների վերապատրաստման կարգում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով որոշումը՝ նշեց, որ կարեւոր բարեփոխում էր ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգի բարեփոխումը:
«Այս փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը: Ընդ որում՝ շրջափուլն ավելի կարճ է ավելի ցածր մակարդակի պարագայում, այսինքն՝ եթե պարզ է դարձել կարիքի գնահատման արդյունքում, որ ուսուցիչն ավելի տարրական մակարդակի հմտություններ ու կարողություններ ունի (այս պարագայում շրջափուլը 1 տարի է), և ավելի երկար է, եթե ունենք ավելի բարձր մակարդակ, այսինքն՝ ավելի փորձառու և հմտությունների բարձր որակ ունեցող ուսուցիչներ, որոնց դեպքում շրջափուլը կարող է հասնել մինչև 5 տարվա»,- ասաց նա:
Հստակեցվել են նաև առարկայական գիտելիքի իմացության բարելավման կարիք ունեցող ուսուցիչների կողմից առարկայական վերապատրաստման, այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները, որոնց համար հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման հետ:
«Սա նշանակում է, որ եթե ուսուցչի կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության ուղղությամբ, ապա պարտադիր է, որ նա առարկայական գիտելիքի վերապատրաստում անցնի, ապա անցնի կամավոր ատեստավորման գործընթացին»,- ասաց նախարարը և հավելեց, որ հստակեցվել են նաև մինչև 5 տարվա փորձառություն ունեցող ուսուցիչների կարիքների գնահատման դրույթները:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ արդեն 600-ից ավելի ուսուցիչ գնահատվել է: Նրանցից 543-ն այս պահի դրությամբ գնահատվել է որպես տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող, այսինքն՝ նրանք կմասնակցեն նաև կամավոր ատեստավորման գործընթացին: Վերապատրաստումն իրականացնելու է երաշխավորված 24 կազմակերպություն:
Նրա խոսքով, նոր մոտեցմամբ յուրաքանչյուր ուսուցիչ նախևառաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները. «Այնուհետև նաև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը, գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է թե որ ուղղությամբ և որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի տվյալ ուսուցիչը, ինչը հնարավոր է դարձնում ուսուցչի վերապատրաստումը դարձնել ավելի թիրախային և արդյունավետ»:
Անդրեասյանի խոսքով՝ այս տարի համակարգը կիրառվել է առաջին անգամ, գնահատվել են ավելի քան 6000 ուսուցիչներ, որոնք առաջիկայում պետք է վերապատրստվեն:
«Հստակեցվել են նաև ուսուցիչների վերապետրաստման արդյունավետության և մոնիթորինգի ընթացակարգերը այդ թվում դպրոցի տնօրենների կողմից ու կարևոր է, որ այս գործընթացը կապվում է նաև տնօրենների ատեստավորման համակարգի հետ»,- ասաց նախարարը:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եթե ուսուցիչը նույնիսկ 100 տոկոս արդյունքով հանձնել է կամավոր ատեստավորումը, դա չի նշանակում, որ ինքքը չպետք է վերապատրաստվի: Նա պետք է վերապատրաստվի 5 տարվա ընթացքում, որպեսզի նոր տեխնոլոգիաներ, նոր գիտելիքներին համահունչ լինի»:
0Comments