Այնտեղ, որտեղ Վազգեն Սարգսյանը կար, տրամադրություն, մթնոլորտ էր ստեղծում

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվել է մոտ 13 միլիոն դրամ

Այնտեղ, որտեղ Վազգեն Սարգսյանը կար, միանգամից համախմբում էր բոլորին: Եռաբլուրում՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում այսպես ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այնտեղ, որտեղ ինքը կար, տրամադրություն, մթնոլորտ էր ստեղծում և ուղղորդում մեծ-մեծ աշխատանքի, ծառայության, առաքելության, հերոսությունների»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 5-ը պետական, քաղաքական, ռազմական գործիչ, նախկին վարչապետ, պաշտպանության առաջին նախարար, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 60 տարեկան։ 

1990-91թթ. Վազգեն Սարգսյանն իր հրամանատարության ներքո միավորել է երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Վ.Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու և հաղթանակ ձեռք բերելու գործում։ 1991թ. նշանակվելով Հայաստանի պաշտպանության նախարար` նա մեծ ավանդ է ունեցել Հայաստանի պետական շինարարության, ազգային բանակի ստեղծման գործում:

Նա հիմնադրել է «Երկրապահ» կամավորականների միությունը՝ ընտրվելով ԵԿՄ նախագահ։ Արժանացել է Արցախի հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։

Նրա քաղաքական գործունեությունը սկսվել է 1999-ից՝ որպես « Հանրապետական» կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ 1999թ. հունիսին դարձել է Հայաստանի վարչապետ և մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, զոհվել Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։

ՀՀ վարչապետի որոշմամբ՝  ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի  ծննդյան 60-ամյակը նշելու համար հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվել է մոտ 13 միլիոն դրամ: