Թրամփի հաղթանակն արդեն կարծես ապահովված է, ինչը ՌԴ ղեկավարությանը հնարավորություն է տալիս շունչ քաշել եւ նայել հետխորհրդային տարածքում ընթացող քաղաքական գործընթացներին եւ հատկապես Հարավային Կովկասի իրողություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Քեռյանը:
«Մենք արդեն գիտենք, որ Թրամփը շատը արագ ավարտելու է պատերազմն Ուկրաինայում: Դա կանխազգում է նույնիսկ Զելենսկին եւ սկսել է բանակցել Թրամփի հետ դեռ մինչեւ ընտրությունները, թե ինչ ճակատագիր է ունենալու Ուկրաինան: Որ պատերազմն ավարտվելու է, ես չեմ կասկածում:
Պատահական չէ, որ հենց այս րոպեին Ռուսաստանից հնչեց հայտարարությունը, որ հրավիրում ենք Հայաստանին ու Ադրբեջանին ռուսական հարթակում բանակցելու: Փաստորեն հիմա նորից Կրեմլը փորձում է բանակցային գործընթացը վերցնել իր վերահսկողության տակ»,-ասաց նա:
Հարցին՝ Պե՞տք է Հայաստանը դրական արձագանքի այդ առաջարկին, Քեռյանը պատասխանեց. «Ինձ թվում է, որ Հայաստանը պետք է գնա դրան, որովհետեւ ուկրաինական պատերազմի ավարտից հետո կունենանք հետեւյալ իրողությունը, որ ՌԴ-ն ձգտում է հետ վերադառնալ տարածաշրջան, վերականգնել իր ազդեցությունը, նրա հետ համագործակցում է Ալիեւը, Վրաստանը եւս որոշակիորեն դուրս է գալիս Արեւմտյան ազդեցության գոտուց, հարավում Թուրքիան է, Իրանը հակաարեւմտյան պետություն է, եւ այս իրավիճակում Հայաստանը կհայտնվի նեղ աքցանի մեջ:
Հույսը դնել արեւմտյան կոչերի, բանաձեւերի, աջակցությունների, լացուկոծի կամ թղթի վրա գրված դրամական օգնությունների վրա, այլեւս իմաստ չունի»:
Քաղաքագետի խոսքով, այս պահին Արեւմուտքն ամեն ինչ անում է կանխելու համար Հայաստանի՝ ռուսական ազդեցության գոտի վերադառնալը. «Ես դժվարանում եմ ասել՝ կկարողանան, թե չեն կարողանա, որովհետեւ կա տեսակետ, որ Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ համաձայնություն Հարավային Կովկասում բաժանարար գծերի անցկացման վերաբերյալ: Ենթադրվում է, որ Հայաստանն ընկել է արեւմտյան ազդեցության գոտում, բայց ես իհարկե, այդ տեսակետին չեմ հավատում, որովհետեւ գիտեմ՝ Պուտինի ռազմավարական պլանը որն է»,-ընդգծեց Քեռյանը:
0Comments