Իրանն իրեն իրավունք է վերապահում Իսրայելին վճռական պատասխան տալու Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման համար, ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նամակում՝ ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։
Փաստաթուղթը կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը դնում է Իսրայելի վրա, հայտնում է ria.ru-ն։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վերապահում է իր օրինական, անօտարելի իրավունքը՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում՝ վճռական պատասխան տալու նման դատապարտելի արարքին»,- ասվում է տեքստում։
Իրանը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «խստորեն» դատապարտել Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա և միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու համար։
Իրանցի դիվանագետների կարծիքով՝ Անվտանգության խորհրդի միջոցառումները պետք է ուղղված լինեն այս հանցագործության մեղավորներին անհապաղ պատասխանատվության ենթարկելուն։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակումները որակել է միջազգային բոլոր պարտավորությունների և կոնվենցիաների խախտում: Աբդոլլահիանը նշել է, որ անհրաժեշտ է «միջազգային հանրության կոշտ արձագանքը նման հանցավոր գործողություններին»։
Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram ալիքում, Մոսկվան խնդրել է Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել հարձակման վերաբերյալ։ Այն նախատեսված է ապրիլի 2-ին ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին):
Երկուշաբթի օրը Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքն ամբողջությամբ ավերվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, էլիտար զորամաս) հաստատել է, որ իր երկու գեներալները և ԻՀՊԿ-ի հինգ այլ սպաներ սպանվել են հարվածի հետևանքով:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում անձամբ պատասխանել Իսրայելի օդային հարվածին։ Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին նույնպես վճռական պատասխան է խոստացել Իսրայելի գործողություններին։
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը՝ ընդգծելով, որ դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա ցանկացած հարձակում, որի անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով, անընդունելի է։
0Comments