Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Մանրամասներ
ջերմուկ

Մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրաշք Այգի» ռեստորանում ջերմուկի շշի պայթելու հետևանքով «սկլերա» ախտորոշմամբ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արսեն Հովսեփյանն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 00։10-ի սահմաններում Մրգավետ գյուղի վարչական տարածքում գտնվող «Հրաշք Այգի» ռեստորանային համալիրում Ա. Հովսեփյանը աթոռից վեր կենալիս ոտքով պատահաբար կպել է գետնին գտնվող «Ջերմուկի» ապակյա շշին։ Այն կողաշրջվել և կոտրվել է, ապակյա բեկորը դիպել է ձախ աչքի շրջանին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։