Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շատերը կհիշեն, երբ ամիսներ առաջ ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույց տվեց ու խոսեց Արցախյան խնդրի կարգավորման մասին, ինչը բուռն ռեակցիա առաջացրեց: Դեռ այն ժամանակ, էլի կհշեն ընկերներս, այդ հարցազրույցն ինքս մեկնաբանել էի, որ դեսպանը ՀՀ նոր իշխանությունների «մտադրությունների» հետախուզում էր արել՝ արդյոք նրա՞նք էլ կկրկնեն նախկինների սխալն ու կմտնեն լավրովյան պլանի գետը… Դեսպանի մի ձևակերպում դա մատնում էր: Ռիչարդ Հոգլանդի հարցազրույցը դրա էլ ավելի վառ վկայությունն էր՝ բացահայտելով Լավրովի պլանը: Ինչպես վերջին հոդվածի մեջ էի նշել, Ադրբեջանն ու Հայաստանը դրան չէին համաձայնել, քանի որ ռուսական պլանը չէր հստակեցնում, թե ի վերջո ում է վերջնականապես պատկանելու Լեռնային Ղարաբաղը, ավելի կոնկրետ՝ երաշխքիներ չէին տրվել կողմերին, որ ապագայի հանրաքվեն իրենց օգտին կլինի: Դրա համար Ալիևը չէր բավարարվել 5+2 տարածքներ ստանալով, իսկ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն էլ բացահայտեց Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն: Թեպետ, այս ամենը շատ պարզ էր նաև DW-ին ու Բլումբերգին՝ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի կոնտեքստից ու տողատակերից: Իհարկե, ԱՄն երբեք չի համարվել արցախյան խնդրով ստատուս քվոն պահպանելու կողմնակից, բայց Հոգլանդի հարցազրույցի համատեքստը երեք կարևոր բանի մասին է՝ 1. խուսափել նախկին գետը մտնելուց, 2. չշտապել ու մեծ սպասումներ չգեներացնել ու չփայփայել, 3. փոքր քայլերով պահել բանակցային պրոցեսը: Այս ամենը մի կարևոր բանի մասին են՝ Ադրբեջանին առիթ չտալ, որ բանակցությունների տապալումն օգտագործի իբրև պատերազմ սկսելու լեգիտիմ առիթ, ինչպես դա արեց 2016թ.: Եվ ամենաուշագրավն այն է, որ ամերիկյան կողմը և ընդհանրապես ոչ մեկ ոչ միայն կոշտ, այլ նաև որևէ քննադատություն չի հնչեցնում Հայաստանի դիրքորոշման մասին, որի մեջ առանցքային տարրեից մեկի Արցախի վերադարձն է բանակցային պրոցես, մյուսը՝ ստատուս-անվտանգություն հարցը: Հարցի տեսքով Ռուսաստանին մեղադրելով ստատուս-քվոն պահպանելու շահագրգռության մեջ, ԱՄՆ-ն անուղղակիորեն ստիպում է նրան հակառակն ապացուցելու համար ներգրավվել բանակցային գործընթացում՝ փորձելով նրան ևս զրկել ոչ միայն պրոցեսը տորպեդահարելուց, այլ նաև էսկալացիայի անուղղակի խրախուսումից: Թե որքանով այս ամենը կստացվի, հնարավոր չէ ասել, բայց այս թիրախները նկատելն անհնար է»:
0Comments