«Պատիվ ունեմ»-ի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. դատախազը գործն ուղարկել է դատարան

Մանրամասներ
Դատախազություն

Քաղաքացի Կ.Խ.-ն, որը 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով առաջարկել էր ընտրակաշառք, 2024 թվականի մարտի 5-ին ձերբակալվել է:

Դատախազությունից հայտնում են, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Արարատի մարզի համայնքներից մեկի բնակիչ Կ.Խ.-ն 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի բնակիչ Ա.Վ.-ի բնակարան և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես ընտրակաշառք, առաջարկել 30 հազար դրամ: Քաղաքացին մերժել է առաջարկը: Բացի այդ, Կ.Խ.-ն ընտրակաշառք է առաջարկել նաև Ա.Վ.-ի երկու դուստրերին: Նրանցից մեկը համաձայնել է առաջարկին և ստացել 30 հազար դրամի չափով ընտրակաշառք:

2021 թվականի հունիսի 30-ին Կ.Խ.-ի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (երկու և ավելի անձի ընտրակաշառք առաջարկելը):

Կ.Խ.-ի գտնվելու վայրը պարզ չլինելու և քննությունից թաքնվելու հիմքերով՝ վերջինիս նկատմամբ 2021 թվականի հուլիսի 1-ին հայտարարվել է հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև կաշառք ստացած անձի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրակաշառք ստանալը): 2021 թվականի օգոստոսի 10-ին ընտրակաշառք ստացած քաղաքացու նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը՝ գործուն զղջալու հիմքով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մարտի 6-ի որոշմամբ՝ մեղադրյալ Կ.Խ.-ի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք՝ 2 ամիս ժամանակով, 1 մլն դրամի չափով գրավ և բացակայելու արգելք:

2024 թվականի մարտի 21-ին Կ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրակաշառք տալը) (երեք դրվագ):

Դատախազը 2024 թվականի մարտի 25-ին հաստատել է Կ.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: