Երեկ՝ մարտի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում հայտնի «Բենեդիկտ» ռեստորանային համալիրում ծեծկռտուք է տեղի ունեցել և կա դանակահարված քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկներն ու ոստիկանները ռեստորանի ներսում և դրսում հայտնաբերել են արնանման հետքեր ու դեպքի վայրից մի քանի հոգու տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները, «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում ծայրահեղ ծանր ախոտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին տեղափոխվել է նշված վայրից, սակայն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Հայաստանի և Ուկրաինային Հանրապետության քաղաքացի, Վաղարշապատ քաղաքի բնակիչ 33-ամյա Արամ Սարգսյանն է։
Աղբյուրի տեղեկություններով` վիճաբանությունից առաջ «Բենեդիկտ» ռեստորանում նշելիս են եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ, երջանկահիշատակ Սեյրան Սարոյանի որդու կնոջ ծննդյան արարողությունը, որին մասնակցելիս է եղել նաև հիվանդանոց տեղափոխվածը։ Արարողության ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև շարունակվել է դրսում, որտեղ էլ դանակի մի քանի հարված են հասցրել Ա․ Սարգսյանին։
Իրավապահներն արդեն պարզել են ենթադրյալ դանակահարողի ինքնությունը , ով Ս․ Սարոյանի ազգականներից է։ Նրան որոնում են։
0Comments