ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը չորեքշաբթի իր ելույթում ասել է, որ մերձավորարևելյան երկիրը «աշխատում է Ուկրաինային վաղ նախազգուշացման համակարգեր տրամադրելու ուղղությամբ»:
Նման համակարգերը կօգնեն «փրկել քաղաքացիական անձանց կյանքը ռուսական անխտիր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներից», ասել է Էրդանը:
Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը Business Insider-ին ասել է, որ այս համակարգը «երկաթե գմբեթը»՝ Իսրայելի ՀՕՊ ամենաառաջադեմ համակարգը չէ:
Խոսքն ավելի շուտ «ազդանշանային համակարգի» մասին է, որը կօգնի «մարդկանց ապաստարաններ տանել»։ Այն, ամենայն հավանականությամբ, շատ նման կլինի իսրայելական «Ցևա Ադոմ» ռադարային համակարգին, ասել է նա:
«Ցևա Ադոմը», որը եբրայերեն նշանակում է «Կարմիր ծածկագիր», վաղ նախազգուշացման ռադարային համակարգ է:
1990-ականների վերջին Իսրայելի պաշտպանության բանակի կողմից սկզբնապես տեղադրվելով Գազայի հատվածը շրջապատող քաղաքներում՝ այժմ այս համակարգը ներառում է ողջ Իսրայելը:
Հրթիռի արձակման ազդանշանի դեպքում ինքնաբերաբար գործարկվում են մոտակա իսրայելական համայնքների և ռազմակայանների հանրային հեռարձակման նախազգուշացման համակարգերը:
Նախապես ձայնագրված կնոջ ձայնը չորս անգամ հայտարարում է «Ցևա Ադոմ»։ Հեռարձակման այս ցիկլը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև հայտնաբերվեն նոր արձակումներ:
2014 թվականից ծանուցումները հասանելի են նաև հավելվածի միջոցով iOS և Android սարքերում:
Իսրայելը վաղ նախազգուշացման համակարգերի ոլորտում համաշխարհային առաջատարներից է։
Ուկրաինայում այդ համակարգի օգտագործումը հավանաբար կնշանակի, որ Իսրայելը պետք է մասնագետ զինվորներ ուղարկի, որոնք կօգնեն ուկրաինացիներին ինտեգրել այն, նշում է Business Insider-ը:
«Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելը ռուս-ուկրաինական պատերազմում քայլում էր ձգված դիվանագիտական պարանով»,- նշել է պարբերականը։
Այդուհանդերձ, Իսրայելը մշտապես ձեռնպահ է մնացել ռազմական օգնություն ուղարկելուց կամ Արևմուտքի պատժամիջոցներին միանալուց, մասամբ այն պատճառով, որ չի ցանկացել սադրել Ռուսաստանին:
Թեև Իսրայելի քայլը դժվար թե կտրուկ փոխի Ուկրաինայում պատերազմի ընթացքը, այն իսկապես ազդարարում է մեծ շրջադարձ Իսրայելի արտաքին քաղաքականության մեջ:
Էրդանը Ուկրաինան անվանել է Իսրայելի «դաշնակից» և «աղետում հայտնված բարեկամ»։
«Երկու երկրներն էլ պայքարում են գոյատևման համար»,- ասել է նա՝ հավելելով, որ «Իսրայել պետությունը միշտ եղել է և կշարունակի հավատարիմ մնալ Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:
0Comments