Դավաճանության մասին ձեր պատկերացումները չեմ կիսում

Վլադիմիր Գասպարյանի օրոք էլ ոստիկանությունը նորմալ աշխատել է

Ես 1990-ականներից եմ աշխատել ոստիկանության համակարգում. 1990-ից մինչեւ 2018-ի մայիս. անկախ նրանից, թե ով է իշխանության, ցանկացած գերատեսչությունում, նույնիսկ ամենաապաշնորհ կառավարման պարագայում, միշտ նորմալ մարդիկ են եղել, որոնք նորմալ աշխատել են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Հարցին, թե նախկինում համակարգն ապաշնո՞րհ է եղել, Պողոսյանը բացասական պատասխան տվեց. «Իհարկե ոչ: Ես չգիտեմ, առանձին ստորաբաժանումներ, գերատեսչություններ ունեցել կամ չեն ունեցել ապաշնորհ ղեկավարներ, բայց միշտ եղել է նորմալ անձնակազմ, որը բարեխիղճ կատարել է իր ամենօրյա պարտականությունը»:

Դիտարկմանը, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապված քրգործ կա, ինչը ենթադրում է, որ նրա օրոք համակարգում խնդիրներ են եղել, Հունան Պողոսյաննն արձագանքեց. «Վլադիմիր Գասպարյանի օրոք էլ ոստիկանությունը նորմալ աշխատել է, իսկ ձեր թվարկած հարցերով խնդրում եմ դիմեք պատկան մարմիններին, ես տեղյակ չեմ»:

Նա չհամաձայնեց, որ գործող իշխանությունների կողմն անցնելով դավաճանել է նախկին իշխանություններին. «Դավաճանության մասին ձեր պատկերացումները չեմ կիսում»: