Ես շատ եմ ուզում, որ Արցախում ծանրամարտը զարգանա

Մենք սպորտը դիտարկում ենք ոչ միայն մարզումների միջոցով կոփվելը, այլև օլիմպիական սկզբունքների դաստիարակումը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն այսօր ընդունել է ՀՀ սպորտի վարպետ, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ով տասնօրյա ժամկետով Արցախում է ԱՀ ծանրամարտի ասոցիացիայի հրավերով:

Նախարարն ասել է, որ  արցախցիները  միշտ   հպարտացել  են  ծանրորդուհու  հաջողություններով  ու  ձեռբերումներով,  ընդգծել  է, որ  Ն.  Ավդալյանն  Արցախում   շատ  երկրպագուներ  ունի:

«Դուք   ձեր   անցած  ուղուվ   ցույց  եք  տվել, որ  պետք  է  ձգտել  ու հասնել    վերջնական  հաղթանակի՝  կարողանալով   հաղթահարել  բոլոր  փորձություններն   ու  անհաջողությունները: Մենք   սպորտը  դիտարկում  ենք  ոչ  միայն    մարզումների  միջոցով  կոփվելը, այլև    օլիմպիական   սկզբունքների  դաստիարակումը»,-մասնավորապես   ասել  է   նախարարը:

Խոսելով  Արցախում սպորտի  զարգացման գործում  վարվող քաղաքականության  մասին՝  Ն.  Աղաբալյանն  տեղեկացրել  է, որ,  շնորհիվ  պետական  քաղաքականության, վերջին  տարիներին  մարզական  կյանքն  Արցախում  ավելի  է  աշխուժացել.  արդյունքում՝ տարբեր  մարզաձևերից  Արցախն  ունի    խոստումնալից  մարզիկներ:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Նազիկ  Ավդալյանն  ասել  է, որ Արցախ  գալու  իր  նպատակը  արցախցի  երեխաներին  իր՝   մարզիկի   և մարզիչի  փորձը  փոխանցելն է:

«Ես  շատ  եմ ուզում, որ  Արցախում ծանրամարտը  զարգանա: Արցախում ես  տեսնում  եմ   մարզիչներ,  ովքեր  նվիրված են  իրենց  գործին և շահագրգիռ  են, որ  այդ  սպորտաձևը  զարգացում  ապրի. այդ  ուղղությամբ  մեծ  աշխատանք  է  իրականացնում  նաև  ծանրամարտի  ասիոցիացիայի  նախագահ  Արթուր  Շիրինյանը: Սպորտը  մարդու  մեջ  բնավորություն  է  ձևավորում,   կամքի  ուժ, ձգտում  դեպի  վերջնական  նպատակ: Սպորտում  հաղթանակներ  գրանցելու  համար առաջին  հերթին   անհրաժեշտ է կամային  որակներ, համապատասխան  մարզագույք, հատուկ  վերաբերմունք  և  խրախուսանքներ  մարզիկներին: Պարզապես, Արցախում   կան   մարզագույքի ձեռքբերման   և    մարզիչների   խնդիրներ, որոնց  լուծումը   ևս  կօգնի   այս սպորտաձևի  զարգացմանը: Արցախում կան խոստումնալից, հրաշալի երեխաներ:Հուսով եմ՝ այս   սպորտաձևը   կզարգանա  այստեղ, և  արցախցիները  ևս  մեծ  հաջողություններ  կգրանցեն»,-ասել է   Ն.  Ավդալյանը  և  ընդգծել, որ  ինքը   պարբերաբար լինելու  է Արցախում  և   ամեն  ինչով   աշխատելու  է  օգտակար  լինել  արցախցի  մարզիկներին:
Մեր  այն  հարցին, թե   կնոջ  համար    հեշտ  է  լինել    սպորտի  բնագավառում,  մեր  զրուցակիցը  պատասխանել է. «Ես  համամիտ  չեմ, որ  ասում  են  ծանրամարտը  կոպտացնում  է  կնոջը: Մարզումների  ժամանակ  կարող  էս  լինել մարզիկ, իսկ  տանը՝ կին, մայր: Ներկայումս   ես  ժամանակավորապես    չեմ  զբաղվում   սպորտով»:

Հանդիպման  վերջում   Ն.  Աղաբալյանը  Նազիկ  Ավդալյանին իր    ընտանիքի  հետ  հրավիրել  է այս  տարվա  հունիսի 4-15-ն Արցախում անցկացվելիք «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» առաջնությանը: Նա  նաև խորհրդանշական  նվերներ  է  հանձնել   Նազիկ  Ավդալյանին:


 

Աղբյուր` Panorama.am