ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Welt am Sonntag գերմանական պարբերականի հարցազրույցում Եվրոպային կոչ է արել ավելացնել զենքի արտադրությունը, որպեսզի աջակցեն Ուկրիանային եւ կանխեն Մոսկվայի հետ «առճակատման հնարավոր տասնամյակները»։
Սթոլտենբերգը հայտնել է, որ հարկավոր է «ավելի արագ վերականգնել եւ ընդլայնել մեր արդյունաբերական բազան, ավելացնել մատակարարումներն Ուկրաինա եւ համալրել մեր սեփական պաշարները»։
«Դա նշանակում է անցում խաղաղ ժամանակների դանդաղ արտադրությունից բարձր տեմպերով արտադրության հակամարտության պայմաններում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ «անմիջական ռազմական սպառնալիք որեւէ դաշնակցի դեմ չկա։ Միեւնույն ժամանակ, մենք մշտապես Կրեմլից լսում ենք սպառնալիքներ ՆԱՏՕ երկրների հասցեին»։
«ՆԱՏՕ-ն չի ձգտում պատերազմի Ռուսաստանի հետ, բայց մենք պետք է պատրաստ լինենք պոտենցիալ առճակատման տասնամյակների ընթացքում»,- ավելացրել է նա։
Սթոլտենբերգի խոսքով՝ դաշինքը ուշադիր հետեւում է Ռուսաստանի գործողություններին եւ ուժեղացել է ներկայությունն արեւելյան թեւում։
«Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, չկա որեւէ երաշխիք, որ ռուսական ագրեսիան ավելի հեռուն չի տարածվի։ Ուստի աջակցությունն Ուկրաինային այժմ եւ ներդրումները ՆԱՏՕ սեփական պոտենցիալում մեր լավագույն պաշտպանությունն են»,- ասել է նա։
ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարները փետրվարի 15-ին կհանդիպեն Բրյուսելում։ Բանակցությունների կարեւոր պահն է լինելու Ուկրաինայի պաշտպանության հարցերի կոնտակտային խմբի նիստը։
0Comments