Իսկ Ադրբեջանի Սահմանադրության մեջ չկա՞ն վիճահարույց դրույթներ. ՔՊ պատգամավոր

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ինչպե՞ս կարող են Ադրբեջանի իշխանությունները, որոնց երկիրը Կոռուպցիայի ընկալման ինդեքսով տարածաշրջանում վերջին տեղն է զբաղեցնում, ինչ-որ բան թելադրել ինքնիշխան պետությանը։ Նրանք նույնիսկ իրենք իրենց ոչինչ չեն կարողանում թելադրել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նա վստահեցրել է, որ սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցությունները կապ չունեն Ադրբեջանի հետ.

«Այս գործընթացներն այս կամ այն համատեքստում շարունակվում են 2018 թվականից։ Բայց դա չի կարող լինել Ադրբեջանի թելադրանքով։ Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը կարող է որոշել միայն Հայաստանի ժողովուրդը: Պետք է քննարկումներ անել, լսել նաև փոփոխությունների ընդդիմախոսներին և հասկանալ, թե ինչն է ճիշտ»,- հավելել է պատգամավորը։

Նա նշել է, որ Հայաստանը պետք է կառուցի միջազգային հարաբերությունները՝ ելնելով իր ազգային շահերից։

«Ադրբեջանի սահմանադրության մեջ չկա՞ն վիճահարույց դրույթներ։ Արդյո՞ք նրանք բոլորն են կատարյալ: Այդտեղ ագրեսիայի միտում չի՞ նկատվում»,- հարցադրում արեց պատգամավորը։

Բագրատյանը բացատրեց, որ, եթե Հայաստանի զինանշանի վրա պատկերված է Բագրատունյաց ժամանակների թագավորության խորհրդանիշը, դա չի նշանակում, որ Հայաստանը փորձում է ձեռք բերել այն ժամանակների տարածքները։

«Ինձ դուր է գալիս մեր զինանշանը»,- նշել է պատգամավորը։

Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ պատմական փաստ արձանագրելը չի նշանակում հարեւան երկրի նկատմամբ պահանջներ ունենալ կամ ինչ-որ մեկին վտանգ ներկայացնել:

Նշենք, որ այս կարծիքը հակասում է նույն կուսակցության այլ ներկայացուցիչների, օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքին։