Մեզ պետք է մտածել երկրում օրգանիկ սպայական խավ ունենալու մասին․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

ՆԳՆ ձևավորմամբ պայմանավորված՝ ներկայումս ընթանում է ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման գործընթաց, որի նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել են ՆԳՆ-ում՝ 2023-ի հաշվետվությունը ներկայացնելիս։

Մշակվում է միասնական կրթահամալիրի ձևավորման հայեցակարգ, որի նպատակն է ստեղծվելիք կրթահամալիրի կրթական ծրագրերի իրականացումը նպատակաուղղել Ոստիկանության գվարդիայի, Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Փրկարար ծառայության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կադրային պահանջարկը բավարարելուն, սկսած նշված համակարգեր առաջին անգամ ծառայության անցնելուց, մինչև ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացում,  ուղղահայաց ու հորիզոնական կարիերային առաջընթացի ապահովում:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթական ենթակառուցվածքները պետք է ինտեգրել Ակադեմիական քաղաքում և սկսել նախ հայեցակարգային հատվածի նախագծումը․

«Սպայական ավագ դպրոց, Սպայական համալսարան. վերնագիրը կա, բայց ինչպե՞ս ենք մենք սպայական ընդհանուր մի խմբից ինտեգրելու, դուրս բերելու տարբեր ուղղություններ՝ բանակ, ոստիկանություն, փրկարար ծառայություն, հատուկ ծառայություններ և այլն:

Այստեղ շատ լուրջ միջգերատեսչական բովանդակային աշխատանք պետք է արվի, ես համոզված եմ, որ այդ ճանապարհով է պետք գնալ: Այն նոր բովանդակություն է ունենալու և դրանով իսկ ավելի բարդ է: Ընդհանրապես, մեզ պետք է մտածել երկրում օրգանիկ սպայական խավ ունենալու մասին: Այն շատ ֆորմալ չէ, հստակ գծագրված չէ, բայց սպայական խավը պետության համար ունի առանցքային նշանակություն»,- նշել է վարչապետը: