Թեոդոսիայում տեղի ունեցած ուկրաինական հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել են, վնասվել է վեց շենք։ Այս մասին հայտարարել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը։
Դեկտեմբերի 26-ին ժամը 02:30-ի սահմանում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մարտավարական ավիացիան թևավոր հրթիռներով գրոհել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Նովոչերկասկ» խոշոր դեսանտային նավը Թեոդոսիայի շրջանում։
«Երեկոյան և գիշերվա ընթացքում ուկրաինացի պաշտպանները ոչնչացրել են ռուսական 13 հարձակողական անօդաչու թռչող սարք և «Նովոչերկասկ» խոշոր դեսանտային նավը»,- դեկտեմբերի 26-ի առավոտյան հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
ՏԱՍՍ-ը հավելում է, որ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը հաստատել է հարձակման տեղեկությունը՝ թելեգրամյան ալիքում գրելով.«Թշնամու հարձակում է իրականացվել Թեոդոսիայի տարածքում, նավահանգստի տարածքը շրջափակված է, այս պահին պայթեցումը դադարեցվել է, հրդեհը տեղայնացվել է։ Տեղում աշխատում են բոլոր համապատասխան ծառայությունները»:
0Comments