Շեփորի հնչյունները կազդարարեն մուտք Թումանյան 150-ամյակ

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում

«Հովհաննես Թումանյանի 150-ամյակը պարտավոր ենք անցկացնել  պատշաճ մակարդակով՝ ներգրավելով մեր հասարակության բոլոր շերտերին, քանի որ Թումանյանը գրել է, ապրել է ու ապրում է բոլորի համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով, այդ առումով պետությունը մեծ կարևորություն է տալիս հոբելյանական այս տարուն, ստեղծվել է  կառավարական հանձնաժողով, մշակվել են մի շարք ծրագրեր։ Նախարարը տեղեկացրեց, որ վաղը՝ հենց Թումանյանի ծննդյան օրը, կմեկնարկեն միջոցառումները։ Ժամը 11։00-ից Թումանյանի տուն-թանգարանը կհյուրընկալի  բոլոր նրանց, ովքեր կտոնեն Թումանյանի 150-ամյակը։

Ժամը 12։00-ից Դսեղում են մեկնարկելու միջոցառումները։ Նախարարը տեղեկացրեց, որ երկրի ղեկավարությունը այնտեղ է լինելու։ Թբիլիսիում նույնպես նախատեսված են միջոցառումներ, Հայաստանի պատվիրակությունն այդ միջոցառումներում ներկայացնելու է Արայիկ Հարությունյանը։

Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 11։00-ին թանգարանի մատույցներում հնչելու է շեփորը, ազդարարվելու է մուտք Թումանյանի 150-ամյակ։ Օրվա ընթացքում միջոցառումներ են լինելու և թանգարանի ներսում, և դրսում։

Ա. Եղիազարյանն ասաց, որ առաջին անգամ տպագրվելու են Թումանյանի ստացած նամակների հավաքածուն, 70 տոկոսն անտիպ նամակներ են լինելու, որոնք Թումանյանը ստացել է տարբեր մարդկանցից։  Տպագրվելու է նաև Թումանյանի մակագրություններով ստացված գրքերի ալբոմ-գիրքը։ Թումանյանն ունեցել է հարուստ գրադարան, մոտ 10 հազար կտոր գիրք, շատերի վրա կան մակագրություններ։  Թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով, կարևոր գործ է,  ևս մեկ քայլ է հանրահռչակելու Թումանյանի անձնական գրադարանը։

Ընթացքում է նաև Թումանյանի երկերի վերախմբագրված ժողովածուի վերահրատարակման գործընթացը։

Նշենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:


 

Աղբյուր` Panorama.am