«Երեկ առավոտյան ավտոբուսների վարորդները գործադուլ չեն իրականացրել։ Դա գործադուլ չէր, մեր քաղաքապետարանի ներքին ընտանեկան հարց էր։ Քաղաքապետարանն իր ՓԲԸ-ներով մեծ ընտանիք է, և ընտանիքում լինում են տարաբնույթ խոսակցություններ»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Վերջինս նշեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենը վաղուց էր աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։
«Նա արդեն հեռացման դիմումը գրել էր, և մենք այնուամենայնիվ պետք է խնդրին գլոբալ լուծում տանք։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 70 ավտոբուս, որոնք չեն շահագործվում: Մենք պլանավորում ենք մտցնել շահագործման՝ ի նպաստ մեր բնակիչների»,- հավելեց նա:
Քաղաքապետը նշեց, որ 70 ավտոբուսի մտնելու արդյունքում ցանցը փոփոխվելու է. «Այն գծերը, որտեղ տրանսպորտն ավելի սակավաթիվ է, կշատացնենք»:
Հարցին՝ ինչո՞ւ այդ 70 ավտոբուսները նախկինում չեն շահագործվել, քաղաքապետը պատասխանեց, որ չգիտի:
0Comments