Գերմանական Audi ընկերությունը ներկայացրել է Q8 թարմացված քրոսովերը։ Այս մասին տեղեկացրել է բրենդի մամուլի ծառայությունը։
Նախկին տարբերակից նորույթը կարելի է տարբերել մատրիցային լապտերներով եւ ադապտատիվ լուսարձակներով, որոնք սկսում են ավելի պայծառ լուսավորել, եթե հետեւից եկող ավտոմեքենան գտնվում է երկու մետրից պակաս հեռավորության վրա։
Նորություն են նաեւ ռադիատորի խոշոր անցքերով վանդակաճաղը, թափարգելները՝ փոփոխված օդամիջնորմներով, անվասկավառակների նորացված դիզայնը, որոնց նվազագույն տրամագիծը 19-ից դարձել է 20 մատնաչափ։ Սրահում թարմացվել են միայն պաստառի նյութերը։
Մեքենան, ինչպես եւ նախկինում, ունի տուրբոդիզելային շարժիչներ՝ 231 եւ 286 ձիաուժով, ինչպես նաեւ բենզինով աշխատող ուժային ագրեգատ՝ 340 ձիաուժ հզորությամբ։ Բոլոր երեք տարբերակներն ունեն 48 վոլտանոց ստարտեր-գեներատոր, ութ աստիճան «ավտոմատ» եւ լիակատար քարշ։
Թարմացված Audi Q8-ը կարելի է պատվիրել Գերմանիայում՝ 87 հազար եվրոյից սկսած։
0Comments