Ջրային համակարգում գոյացել է 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք

Ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել

Ջրային համակարգում մոտավորապես 8-10.5 միլիարդ դրամի պարտք կա: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խնդիրն ի՞նչի մեջ է. մենք ունենք այսպիսի մեխանիզմներ, երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանանք՝ այդ պարտքն ինչպես է գոյացել։ Գյուղացիները չեն վճարե՞լ, գյուղացիները վճարել են, ընկերությունները չեն հաշվառե՞լ»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի բոլոր գյուղացիական տնտեսությունները պետք է իմանան, որ ջրային համակարգի վրա 10.5 միլիարդ դրամի պարտք կա։

«Քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել, մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել», – ասաց ՀՀ վարչապետը։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ ասաց, որ այս թեմայով մարտի 15-ին կներկայացնեն ուսումնասիրություններ։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս հարցով պետք է շատ լուրջ զբաղվել: