ԼՂ բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,550 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Մանրամասներ

Շրջափակման 208-րդ օրը ԼՂ կառավարության տեղեկագրում ներկայացված են օրվա վիճակագրական թարմացումները: Պատկերը հետևյալն է.

ԼՂ բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,550 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։

  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 609 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս դադարեցված լինելուց հետո վերջերս վերականգնված տեղափոխումները արդեն 10 օր շարունակ լրիվությամբ ընդհատվել են։ Հունիսի 25-ից կրկին վերսկսվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը Լաչինի միջանցքով:
     
  • Շրջափակման հետևանքով իրենց տներ չի կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3 900 անձ, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
     
  • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 202 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (208 օրվա ընթացքում մարդկանց 509 600-ի փոխարեն՝ 2 521 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 55 ելքի և մուտքի դեպք՝ միայն Կարմիր Խաչի կողմից հիվանդների տեղափոխման տեսքով՝):
     
  • Արգելափակված ճանապարհով ԼՂ քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 65 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (208 օրվա ընթացքում 191 360-ի փոխարեն՝ 2,923 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 12 մուտք և ելք` միայն Կարմիր խաչի կողմից:
     
  • Շուրջ 15 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (208 օրվա ընթացքում մոտ 83 200 տոննայի փոխարեն՝ 5 715 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 15 տոննա`բացառապես դեղորայք՝ միայն Կարմիր խաչի կողմից):
     
  • Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 142 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից ԼՂ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 179 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
     
  • 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
     
  • Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11 000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ 
     
  • Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3 717 բնակարանի, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
     
  • Շրջափակման ընթացքում ԼՂ տնտեսությանը հասցվել է շուրջ 395 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 44 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: