Դավիթ Տոնոյանը հատել է թույլատրելիի բոլոր սահմանները. «Սասնա ծռեր»

Կոչ ենք անում ՀՀ եւ արտերկրյա բոլոր ողջամիտ ուժերին դրսեւորել միասնական կեցվածք եւ կանխել հնարավոր վտանգավոր զարգացումները

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Նախարարի՝ առանց շարժառիթների կատարած այս հայտարարությունը ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական առումներով հատում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար անվտանգության բոլոր սահմանները: Հումանիտար անվանված ծրագրի շրջանակներում Սիրիա ուղարկված զորախումբը, փաստորեն, նախարարի պնդմամբ ցանկացած պահի կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ՝ վտանգելով հայ ժողովրդի անվտանգությունը եւ կենսական շահերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո Սիրիայի նման վտանգավոր պատերազմական թատերաբեմում Հայաստանի զինված ուժերի մասնակցությամբ ռազմական գործողություններն անընդունելի են:

Կոչ ենք անում ՀՀ եւ արտերկրյա բոլոր ողջամիտ ուժերին դրսեւորել միասնական կեցվածք եւ կանխել հնարավոր վտանգավոր զարգացումները»:

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան։ Նախարարն ասել էր նաեւ, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, եւ եթե անհրաժեշտություն լինի նաեւ ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը անպայման կանի դա եւս օրենքի տառին համապատասխան։ «Իհարկե, միեւնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ», - ասել էր Տոնոյանը։