Տնտեսական հեղափոխության հաղթանակը բոլորինս է, իսկ պարտության պատասխանատուն դուք եք մնալու: Այս մասին, այսօր Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Կառավարության ծրագրի հիմքում դուք ազատ խաղացողի տեսլականն եք դրել: Տնտեսական հեղափոխություն իրականացնելու պարագայում խիստ ռիսկային է խաղի կանոնների հստակությունը: Ինչո՞ւ եք կառավարության ծրագրում նշել տնտեսական աճի 5 տոկոսի մասին: Առաջարկում եմ 5 տոկոս աճը հանել ծրագրից, որովհետեւ ձերը թռիչքի հեղափոխություն է եւ պետք չի նման թիվ նշվի: ՀՆԱ 43-45 տոկոս արտահանման ցուցանիշը հեղափոխական է, բայց 5 տոկոս տնտեսական աճը ամենեւին հեղափոխական չէ: Կցանկանայի ագրեսիվ տնտեսական քաղաքականություն տեսնել, մեր ծրագրում կարծես պասիվ, սպասողական, հայեցողական մոտեցումները շատ են»,-ասաց նա:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության խնդիրը արտահանումը խթանելն է. «Եթե անասնաբուծությունը չդնենք ուղիղ կապի մեջ արտահանման հետ, մենք անընդհատ խնդիր ենք ունենալու: Ենթադրենք, մարդիկ սկսում են խոզաբուծությամբ զբաղվել, երբ խոզի միսը շուկայում ավելանում է, գինն ընկնում է, մարդիկ չեն կարողանում իրենց ներդրած փողը հանել, սնանկանում են: Իսկ երբ համատարած սնանկանում են, խոզի մսի գները բնականաբար սկսում են աճել եւ էլի բոլորը ոգեւորված սկսում են խոզ պահել: Հիմա հստակ է, որ ոչխարաբուծությունը շատ մրցակցային ճյուղ է, որովհետեւ այսօր ՀՀ-ից ոչխարի միս արտահանելու համար ՌԴ-ից ոչխար են ներմուծում: Մեր խնդիրը արտահանումը խթանելն է, որ նման խնդիրների առաջ չկանգնենք»:
0Comments