Հայաստան ախպեր, եթե Արցախդ մեռնի, Սյունիքդ գողանան, դու չմեռնես` կապրե'ս... դու կապրե՞ս... Արցախը դանդաղ մեռնում է

Մանրամասներ

Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի գրառումը.

«Հասել ենք: 
Հիմա Արցախում ոչ-ոք չի ապրում:
Բոլորը մեռած են: Կամ իրենց մեռած են զգում: 
Նրանք մեռել են` հազարավոր անմեղ ու անբեղ տղաների հետ միասին: Նրանք անթաղ մեռելներ են: 

Հայե՛ր Հայաստանում, Սփյուռքում, այլուր, մի՛ հավատացեք նրանց դեմքերի վրա սառած ժպիտներին, լավատեսական խոսքերին` թե ամեն ինչ լավ է լինելու. նրանց աչքի առաջ ողբերգություն է տեղի ունենում. մայրը փորձում է փրկվել` զավակին նետելով գազանի երախը:

Ցավ է, անտանելի ցավ:

Ովքեր քնում-վեր են կենում, աշխատանքի կամ գոյություն չունեցող շուկա են գնում, ինչ-որ բանով են զբաղվում, իմացեք, որ այդ անում են մեքենայաբար: Առանց պաթոսի: Նրանք նման են ,,Սթալքեր'' ֆիլմի այն հերոսներին, ովքեր ճաքած շուրթերով, անկյանք ու գորշ Երկրի մակերեսին գլխիկոր ավազ են տրորում ու հոգնել են, այլևս վերև չեն նայում, քանզի այնտեղ, կապույտ երկնքի փոխարեն, բայրաքթար-արևն է, կրակ ու հուր է թափում մարդկանց գլխներին, որից մանուկների աչքերն են կուրանում: 
Արցախը դանդաղ մեռնում է:

Ծափ տվեք, ցնծացեք, մարդիկ... Հայաստան ախպեր, եթե Արցախդ մեռնի, Սյունիքդ գողանան, դու չմեռնես` կապրե'ս... դու կապրե՞ս... »։

Սկզբնաղբյուր