Ռադիոյի համաշխարհային օր

1946թ․ փետրվարի 13-ին առաջին անգամ եթեր դուրս եկավ «ՄԱԿ-ի ռադիոն»

Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոն է։ Առաջին անգամ այն նշել են 2012թ․։ Իսկ տոնն ամեն տարի փետրվարի 13-ին նշելու որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը ընդունել է 2011-ին։ Ամսաթիվը պատահական չի ընտրված, հենց 1946թ․ փետրվարի 13-ին առաջին անգամ եթեր դուրս եկավ «ՄԱԿ-ի ռադիոն», որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակում։

Ինչպես նշում են տոնի հիմնադիրները, այն պետք է ոչ միայն արժանին մատուցի ռադիոյին՝ որպես կապի միջոցի, այլեւ ամրապնդի այն մարդկանց համագործակցությունը, ովքեր առնչություն ունեն ռադիոյի հետ, ինչպես նաեւ նպաստի տեղեկատվության հասանելիությանը միջազգային ԶԼՄ-ներին, տեղական ռադիոկայաններին, մտքերի ազատ արտահայտմանը եւ գենդերային հավասարությանը ռադիոալիքներում։ Չէ՞ որ թվային տեխնոլոգիաների մեր դարաշրջանում ռադիոն շարունակում է կապի եւ շփման միջոց մնալ աշխարհում ամենամեծ լսարանի համար։