Շաբաթօրյա մտորումներ․ Հարգում ու հաշվի են նստում պայքարող ժողովրդի հետ։ Պարտված ու ձեռքերը վեր բարձրացրած ժողովրդին կարեկցում են ու խղճում․․․
-----------------------------------
Ոչ մի միջազգային դիտորդ ու խաղաղապահ չի կարող երաշխավորել մեր խաղաղությունը։
Ենթադրենք դիտորդներն ամեն օր արձանագրեցին, որ Ադրբեջանը կրակել է, զավթել է, ներխուժել է և այլն, դրանից ի՞նչ է փոխվում, մեծ հաշվով՝ ոչինչ։
Իրականությունն այն է, որ Ադրբեջանը փուլ առ փուլ լուծում է իր առջև դրված խնդիրը, քանի դեռ Հայաստանը չի վերականգնել խախտված ռազմական հավասարակշռությունը, քանի դեռ Հայաստանը չի հստակեցրել իր աշխարհաքաղաքական ընկալումներն ու արտաքին քաղաքական դոկտրինը, քանի դեռ հայ ժողովուրդը Հայաստանի ներսում ու դրսում չի հստակեցրել, թե ի՞նչ է իր ուզածը և ո՞րն է իր ռազմավարական ծրագիրն ու նպատակը։
Նույնը կարելի է ասել նաև ռուս խաղաղապահների մասին։ Իրենք մեր հաշվին իրենց պետության ռազմավարական շահն են հետապնդում, ուրիչ ոչինչ։
Այսօրվա տարածքային կորուստների ֆոնին ճիշտ ժամանակն է իսկապես քաղաքագիտական, պատմագիտական ու ակադեմիական պրիզմայով վերլուծել, թե 1920-1921թթ․ ինչպե՞ս կորցրեցինք Ղարաբաղն ու Նախիջևանը, ինչպե՞ս կորցրեցինք Հայաստանի առաջին Հանրապետության ուղիղ կեսը, հայոց պետականությունը, հասկանանք, թե ինչպե՞ս կորցրեցինք Արևմտյան Հայաստանը, ինչպե՞ս և ինչու՞ ենթարկվեցինք ցեղասպանության, հասկանանք, թե պատմական այդ ժամանակահատվածում ի՞նչ դերակատարություն ունեցան «Կարմիր բանակն» ու Ռուսաստանը, Արևմուտքը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, ԱՄՆ-ը ու Թուրքիան․․․
Հիմա եկեք պարզ խոսենք ու պարզ բացատրենք մեր ժողովրդին, որ ցանկացած խաղաղապահ զորք կարող է վերածվել խառնակիչ զորքի՝ որոշելով այն տարածքի ճակատագիրը, որտեղ իրականացնում է իր առաքելությունը։
Այդ զորքն է տեղում տիրապետում իրավիճակը, և այդ զորքը կարող է ցանկացած պահի հրահրել պատերազմ կամ իր պատկերացումներով պարտադրել խաղաղություն, օգնել մեկին, խանգարել մյուսին՝ ելնելով իր ռազմավարական շահերից։
Ցանկացած ժողովուրդ պետք է գիտակցի մի պարզ ճշմարտություն․ Միայն սեփական բանակը կարող է պաշտպանել սեփական հայրենիքը։
Հայ ժողովրդին դարեր շարունակ խոստացել են օգնել, երաշխավորել են, որ մենք կունենանք պետականություն ու հայրենիք, ու մենք միշտ կորցրել ենք, ու մեզ միշտ խաբել են։
Ես ոչ մի երաշխիքի չեմ հավատում, քանի դեռ մենք ոչ մեկի պետք չենք։
2020թ․ արցախյան աղետալի պատերազմում բոլորը շահեցին, բացի մեզանից։ Ադրբեջանը ստացավ իր շրջանները, ռուսները զորք մտցրեցին Արցախ ու փորձում են ամրապնդվել, Թուրքիան մեծացրեց իր դերակատարությունը մեր տարածաշրջանում, իսկ գլոբալ Արևմուտքն էլ մտմտում է Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու մասին՝ ամրապնդելով սեփական դիրքերը։
Մենք ենք, որ կորցրեցինք հայրենիք ու հայրենիքի բյուրավոր զավակներ․․․
Չգիտեմ՝ գուցե սխալ զգացողություն է, բայց մի տեսակ հանձնվել ենք, որ մեր փոխարեն մեր հարցերը որոշեն ուրիշները։
Հակառակ դեպքում Էրդողանը չէր նետի, թե խնդիրը Հայաստանը չէ։
Պայքարող ներուժ տեսնեին՝ հաշվի կնստեին, մեր կարծիքը հաշվի կառնեին, գուցե նաև հարգեին։
Պատմությունն ապացուցել է, որ հարգում ու հաշվի են նստում պայքարող ժողովրդի հետ։ Պարտված ու ձեռքերը վեր բարձրացրած ժողովրդին կարեկցում են ու խղճում․․․
Մենք պետք է շատ արագ սթափվենք ու լրջագույն որոշումներ կայացնենք՝ մեզ պետություն պե՞տք է, թե՞ ոչ, մենք հայրենիք ուզու՞մ ենք, թե՞ ոչ։
Եթե մեզ պետություն ու հայրենիք պետք է, ուրեմն մենք պետք շատ արագ պետք է սթափվենք ու լրջագույն որոշումներ կայացնենք, թե ինչպես դուրս գանք այս վիճակից․․․:
Նորայր Նորիկյան
0Comments