ՊՆ-ն չի պատրաստվում կոծկել որևէ դեպք. Դավիթ Տոնոյան

Փոքրիկ ծառայողական քննություն է անցկացվում պարզելու համար, թե դա ինչի հետ է կապված եղել

Պաշտպանության նախարարությանը չի պատրաստվում ո´չ ծածկել, ո´չ կոծկել  որևէ դեպք: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով վերջերս հրապարակած այն լուրին, որ Ամանորի գիշերը ժամկետային զինծառայող է մահացել, որի մասին ՊՆ-ն ու Քննչական կոմիտեն չեն հայտնել:

«Փոքրիկ ծառայողական քննություն է անցկացվում պարզելու համար, թե դա ինչի հետ է կապված եղել:  Հաշվի առնելով այն, որ դեպքը ծառայության հետ կապված չի եղել, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,-ասաց պաշտպանության նախարարը:

Տոնոյանի խոսքով՝ այժմ տեղեկությունները հնարավոր չէ ծածկել, որովհետև վիճակագրությունը, այսպես ասած, «խաչմերուկային» է ստացվում:

«Դուք ստանում եք տեղեկություններ Դատախազությունից, Քննչական կոմիտեից, դուք ստանում եք նաև ՊՆ-ից, հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց ես միևնույն ժամանակ չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ կապված նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել: Այսքանը»,-ասաց նա: