Ռուսներին առաջարկվել է հաստատել ընտրությունների արդյունքները. «Հրապարակ»

Մանրամասներ

«Հրապարակը» գրում է. «Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի պաշտոնի շուրջ հայկական եւ ռուսական կողմերը դեռ բանավեճերի ու բանակցությունների մեջ են։ Հիմնադիրները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ավարտվել է ռեկտոր Արմեն Դարբինյանի պաշտոնավարման ժամկետը, բուհում ռեկտորի ընտրություններ են կազմակերպվել: 2 թեկնածու է եղել նախապես առաջադրված՝ պրոֆեսորներ Էդվարդ Սանդոյանն ու Պարգեւ Ավետիսյանը: Սակայն Ավետիսյանն ինքնաբացարկ է հայտարարել, եւ 216 կողմ, 147 դեմ ձայներով ընտրվել է Սանդոյանը, որին հավանություն է տվել ՀՀ կառավարությունը` որպես բուհի հիմնադիր: Ռուսական կողմը հակված է եղել ռեկտորի ԺՊ նշանակելուն, ուստի չի ընդունում ընտրության արդյունքները։ 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարությունը, որպես հիմնադիր, ցանկանում է փոխել համալսարանի կանոնադրությունը, ռեկտորի պաշտոնը դարձնել նշանակովի, որպեսզի համալսարանը չղեկավարի արեւմտամետ հայացքներ ունեցող կամ ռուսական շահերին դեմ որեւէ մեկը։ Հայաստանի կառավարությունն էլ դեմ չէ բուհը ռուսների տակից հանելուն ու արեւմտամետ ուղղվածությանը, եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանն այս առումով հարմար թեկնածու է: Մեր տեղեկություններով, նրան երաշխավորել է Աննա Հակոբյանի հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի վերջինիս հետ: Ռեկտորի ընտրությունները վերջնականապես բարկացրել են ռուսական կողմին․ ռուսների թեկնածուն, ըստ որոշ լուրերի, Դոմ Մոսկվիի տնօրենն էր։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին երեկ հարցրինք, թե ինչպես է պատկերացնում այս խնդրի լուծումը։

«Սլավոնական համալսարանում ռեկտորի լիազորությունների ժամկետն ավարտվել էր, եւ իրավական որոշ նյուանսների ճշգրտման փուլում ենք ռուսական կողմի հետ։ Մեր դիրքորոշումը մենք պաշտոնապես գրավոր հայտնել ենք, որ գործող կանոնադրությունում եւ համաձայնագրում առկա էր իրավական բաց, այսինքն, օրինակ, նախատեսված չէ որեւէ հնարավորություն պաշտոնակատարի նշանակման, եւ համալսարանի բնականոն գործունեության ապահովման միակ միջոցը ռեկտորի ընտրությունն է։ Այդ դիրքորոշումը կոմունիկացրել ենք նաեւ ռուսական կողմի մեր գործընկերների հետ, հիմա այդ իրավական հարցերի ճշգրտման փուլում ենք»։ Իսկ հնարավո՞ր է, որ բուհի կանոնադրությունը փոխեն, եւ ռեկտորը ոչ թե ընտրվի համալսարանի կողմից, այլ նշանակվի Հայաստանի ու Ռուսաստանի կառավարության կողմից։ «Ամեն ինչ էլ հնարավոր է։ Բնականաբար, կանոնադրության եւ համաձայնագրի փոփոխությունները, ընթացակարգը փոխելու այդ ամբողջ մոտեցումներն օրակարգում են, որովհետեւ ես Ձեզ ասացի, որ կան բազմաթիվ իրավական բացեր, օրինակ՝ համալսարանը չունի մեր օրենսդրությամբ ճանաչված որեւէ իրավակազմակերպական ձեւ, եւ այս ամենը, իհարկե, լուրջ խնդիրներ ու բարդություններ է առաջացնում ընթացիկ կառավարման գործընթացում, բայց այս ամենը պահանջում է ժամանակ, այնինչ համալսարանն ամենօրյա կառավարման խնդիր ունի, եւ այդ իսկ պատճառով մենք միջանկյալ տարբերակ ենք առաջարկել՝ հաստատել այս ընտրությունների արդյունքները եւ զուգահեռաբար բարելավել համաձայնագիրը, հիմա բանակցում ենք ռուսական կողմի հետ»,- պատասխանեց Անդրեասյանը»: