Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև բնակիչներին:
Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները: Առաջարկվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ դռների վրա ապահովել կոդերով փականների տեղադրումը:
«Սա բնակիչների ընդհանուր գույքն է, և պետք է քաղաքապետարանը բացատրական աշխատանքներ տանի, որ աստիճանաբար այդ փականները քաղաքացիները համատիրությունների հետ համատեղ տեղադրեն»,- նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության միջև ձևավորված համագործակցությանը՝ քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի կապակցությամբ և ընդգծել, որ փոխգործակցության արդյունքներն աստիճանաբար տեսանելի են դառնում քաղաքում:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին կհայտարարվի համաքաղաքային շաբաթօրյակ: Հանձնարարվել է աշխատանքներ տանել գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:
0Comments