Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում հայտնում է, որ ստացել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հղած իր մի քանի հարցի պատասխանը:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ Լևոն Բարսեղյանի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխանել է ԱԱԾ տնօրենի օգնական Վահագն Բոյաջյանը: Լևոն Բարսեղյանի հարցը մասնավորապես վերաբերել է Ազգային անվտանգության հայկական մարմինների հիմնադրմանը:
Ստորև ներկայացնենք պատասխանից մի հատված.
«Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Ավելին՝ գիշեր-ցերեկ Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովող մեր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների և գուլագների պատժիչների հետ։ Խորհրդային տարիներին տեղի ունեցած զանգվածային բռնություններն ու հետապնդումները մեզանում դատապարտվել են՝ վաղուց և մեկընդմիշտ։
Ավելին, կարծում եմ, որ նման թեմաների արծարծումն այսօր ժամանակավրեպ է։ Մեր երկրի հասարակական և քաղաքական օրակարգում չկա բանավեճ ամբողջատիրական համակարգի լավ կամ վատ լինելու մասին։ Փոխարենն այսօր մենք ունենք շատ ավելի հրատապ և արդիական խնդիրներ, որոնց լուծմամբ պայմանավորվելու է մեր երկրի տեսանելի ապագան»:
Հարցերի մի մասին էլ, ինչպես ասվում է գրառման մեջ, Արթուր Վանեցյանն իրավասու չէ պատասխանել:
«Ձեր հարցերի մի առանձին խումբ վերաբերում է պատմական իրադարձություններին և դրանց տրվող, երբեմն, հակասական գնահատականներին։ Արդյո՞ք Հայաստանի խորհրդայնացումը կարելի է համարել բռնազավթում կամ ոչ, արդյո՞ք Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ էր կամ ոչ և այլն։ ԱԱԾ տնօրենը պատմաբան չէ, քաղաքագետ չէ։ Նրա գործառույթներն այլ են։ Նա չի կարող պատասխանել նման հարցերի»:
0Comments