Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի դատական նիստը հետաձգվել է

Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 23-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի է ունեցել Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը։

Քոչարյանի փաստաբան Անի Ալավերդյանը  հայտնեց, որ նիստի ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչները դատարանին են տրամադրել 12 էջից բաղկացած ապացույցներ։

«Սակայն նրանք չնշեցին, թե որ փաստական հանգամանքին է դա ուղղված։ Դրանք ընդամնեը 12 տարբեր լրատվական կայքերից վերցված ինչ-որ հոդվածներ էին»,-ասաց փաստաբանը։

Հայցվոր կողմը դատարանին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը ողջամիտ ժամկետ տրամադրի պատասխանողի կողմից տրամադրած նյութերին ծանոթանալու համար։

«Նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 23-ին»,-ասաց Անի Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ զրպարտությունը հրապարակայնորեն հերքելու պահանջով։

Փետրվարի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։ Գործը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում։

Փետրվարի 19-ին  ԱԱԾ քննչական դեպարտամենտը հանդես էր եկել հայտարարությամբ,  որում ներկայացնում էին քննվող քրեական գործի շրջանակներում իրենց պարզաբանումները՝ նշելով, որ Ս. Քոչարյանի և այլ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։