«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում, հաղթեց Շվեդիան, որը ներկայացրեց Լորինը «Tattoo» երգով:
Լորինը մրցույթում հաղթել է նաև 2012 թվականին:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ տեղը՝ Իսրայելը:
Ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակ Բրյունետը 5 միավոր ստացավ Իտալիայից, 1-ական միավոր՝ Լատվիայից, Ավստրիայից, Լեհաստանից, 2 միավոր՝ Մոլդովայից, 6 միավոր՝ Իռլանդիայից, 7 միավոր՝ Ֆրանսիայից, 3-ական միավոր՝ Էստոնիայից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից, 4 միավոր՝ Կիպրոսից, 5 միավոր՝ Շվեյցարիայից, 10-ական միավոր՝ Վրաստանից, Ալբանիայից, 8 միավոր՝ Չեխիայից:
Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակը «Future Lover» երգով վաստակեց 122 միավոր և զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:
Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը՝ Հայաստանի պատվիրակ Մալենան: Հայաստանը 12 միավորը շնորհեց Իսրայելին:
Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես եկան Ավստրիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Սերբիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Իսպանիան, Շվեդիան, Ալբանիան, Իտալիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Չեխիան, Ավստրալիան, Բելգիան, Մոլդովան, Ուկրաինան, Նորվեգիան, Գերմանիան, Լիտվան, Իսրայելը, Սլովենիան, Խորվաթիան, Միացյալ Թագավորությունը:
Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այն մեկնաբանեցին Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքելյանը:
0Comments