Ամփոփվել են Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման արդյունքները։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Ինչպես տեղեկացրել էինք, Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է պարեկային ծառայության շարքերը համալրելու նպատակով կանանց նպատակային ընդունելությանն ընդառաջ նախագրանցման գործընթաց։ Գործընթացը նպատակ ուներ հավաքագրել նախագրանցվողների տվյալները, վեր հանելու կանանց դիմելիության համար խոչընդոտ հանդիսացող հանգամանքները` առկայության դեպքում դրանց համար օբյեկտիվ լուծումներ նախատեսելու տրամաբանությամբ։
Հիշեցնենք, որ նպատակային ընդունելությանն ընդառաջ Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվում է «Եղիր ուժ մեր երկրի համար» իրազեկման լայնամասշտաբ արշավը, որի շրջանակներում ուղերձներ են հղում կին պաշտոնյաները, հանրապետական մակարդակով կազմակերպվում են իրազեկման հանդիպում-քննարկումներ։
Նախագրանցման շրջանակներում հայտ են ներկայացրել 532 կին դիմորդներ հանրապետության բոլոր մարզերից։
Ներկայումս բոլոր հայտերը գտնվում են ուսումնասիրության փուլում։ Առաջիկայում Ներքին գործերի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ` հայտատուների հետ հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ։
Նպատակային ընդունելության ժամանակացույցի վերաբերյալ տվյալները կհրապարակվեն առաջիկայում։ Միաժամանակ նշենք, որ նախագրանցմանը չմասնակցելը խոչընդոտ չէ հետագայում նպատակային ընդունելությանը մասնակցելու համար, բոլոր նրանք, ովքեր չեն հասցրել նախագրանցվել, կարող են հայտերն ուղարկել նպատակային ընդունելության հայտարարությունը տարածելուն պես։
Հընթացս նախարարությունը ձեռնամուխ է լինելու օրենսդրական պայմանների վերանայմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
0Comments