Մենք ռուս-թուրքական աքցանի մեջ ենք, իսկ կառավարությունը «գուլյատներ» է անում. Լեւոն Հայրյան

Մանրամասները՝ տեսանյութում

Պետք է դիմել մինչեւ գիշերվա 2-ը թանկանոց կաֆեներում ու ռեստորաններում նստած ժողովրդին ու ասել՝ ժողովուրդ, էն որ ջերմուկցին, արցախցին իր երեխուն վախվխելով է տեղաշոր մտցնում, ձեզ դա վերաբերվո՞մ է, թե ոչ: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության դիմաց տեղահանված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը:

«Այ կառավարություն, ձեզ վերաբերվո՞ւմ է, որ էս մարդիկ իրենց ճղում են, ազգի շահերի համար խոսում են, իսկ դուք ձեզ համար «գուլյատներ» եք անում: Ինչ վերաբերում է մեր ակցիաներին, ես ամեն օր կգայի էստեղ, չեմ ուզում մեր ժողովրդին ամեն օր բերեմ էստեղ, որ մի փոքրիկ աշխատանքով գլուխը պահում է: Որ մենք էլ չգանք էստեղ, ի՞նչ է լինելու ազգի վիճակը: Ես ասել եմ՝ եթե խելքներդ գլուխներդ չհավաքեք, հադրութը գալու է էստեղ: Հենա գալիս է, հասել է Ջերմուկ, պատրաստվեք: Հետո գալու է Երեւան: Կառավարությունը չի հասկանո՞ւմ, որ եթե խնդիրը չես լուծում, այն չի անհետանում, ավելի է բարդանում»,-ասաց նա:

Հայրյանը  նշեց, որ նամակներ են հանձնելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանատներին, ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի գրասենյակներին. «Նամակների պահանջը հայ ազգի գենոցիդը կանգնեցնելն է: Մեր թշնամիները ծրագրել են նաեւ Հայաստանի պետության վերացում: 1918-ին էլ նույն ռուս-թուրքական դաշինքը աշխատում էր Հայաստանը վերացնելու ուղղությամբ: Այն ժամանակ, ուղղակի, ունեինք նվիրյալներ, ունեինք Արամ, ունեինք առաջնորդներ, որոնք կարողացան կազմակերպել ժողովրդին ու մի կտոր Հայաստան փրկել: Էդ կտորը հետո մեծացավ մինչեւ 1920 թվականը 9 հազարից դարձավ 60 հազար քառակուսի կմ, բայց նորից բոլշեւիկ-թուրքական աքցանը երկու կողմից սեղմեց, փոքրացրեց: Արցախը պոկեցին, թողեցին Ադրբեջանի կազմում:

Հիմա էլ մենք ռուս-թուրքական աքցանի մեջ ենք: Այդ աքցանի մեջ մեկը թուլացած հաճույք է ստանում ու զարմանում, թե մյուսներն ինչու են բողոքում: Ժողովուրդը պետք է արթնանա եւ իր շահերի հետեւից գնա: Հակառակորդի տեղը ես էլ լինեմ,  դու էլ լինես, եթե տեսնես դիմացինդ ուտելիք է, կուտես: Մենք մեզ ուտելիքի պես ենք պահում»,-ընդգծեց Հայրյանը: