Ինչ ճանապարհներով և որ կառույցների միջոցով պետք է առաջ տարվի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը և ինչ քայլեր են պետք դրա համար։ Ինչպիսին է Հայաստանի գործող իշխանությունները վերաբերմունքը բռնագաղթած արցախցիների նկատմամբ և նրանց առաջնային պահանջներն ինչպես են լուծվում։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև.
▪Մենք Հայաստանի ներսում փորձում ենք տարբեր խնդիրների մասին խոսել, բարձրաձայնել և, իհարկե, ամենակարևոր խնդիրներից ՝ բնակարանային ապահովման և արժանապատիվ աշխատանքի խնդիրները, որոնց կարգավորման պարագայում Արցախի ժողվորդի համար բավականին նպաստավոր իրավիճակ կստեղծվի։
▪Ինչի համար եմ ես անընդհատ շեշտադրում Հայաստանում մնալը։ Նախ իմ խորին համոզմամբ հայը պետք է Հայաստանում մնա և երկրորդը՝ վերադարձի իրավունքի առաջ մղման համար պետք է Հայաստանում պահպանել կուռ համախմբված հայկականը՝ Արցախի ժողովրդի կորիզը։ Սա խիստ կարևոր է, եթե ցրվեցին ամբողջ աշխարհով՝ 1-3 տարի հետո վերադարձի իրավունքի մասին շատ դժվար է լինելու խոսելը։
▪Այլ պետությունները և միջազգային կառույցները չեն կարող հայերի շահերով ավելի հետաքրքրված լինել քան, Հայաստան պետությունը։ Իհարկե, նախընտրելի տարբերակ կլինի, որ հարցը բերվի բանակցությունների սեղան և ըստ այդմ խոսելու նաև վերադարձի մասին։ Բայց քանի որ դեռ չկա այս հնարավորությունը՝ ես չեմ ուզում, որ միջազգային դերակատարներն ասեն՝ դե Հայաստանը չի բերում և վերջ։ Ոչ, այն հարցի լուծում չէ։ Հիմա եթե Հայաստանն այդ հարցը երբևէ չբերեց պետք է անտեսվի՞ 150 հազար մարդու անօտարելի իրավունքը, որոնք արձանագրվել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմամբ։
▪Վերադարձի իրավունքը փիղն է սենյակում։ Այսինքը, բոլորը գիտեն, որ կա, բայց միտումնավոր փորձում են անտեսել։ Մենք հենց հանդես ենք գալիս այն դիրքերից, որ չենք թողնելու այն անտեսման մատնվի և անընդհատ խոսելու ենք դրա մասին մինչև առարկայական քննարկումներ սկսվեն։
▪Եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ խոսում ենք մի վերադարձի մասին, որ պետք է լինի ադրբեջանական բռնապետական ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքը՝ մարդկանց մատնել ադրբեջանական քմահաճույքի, ապա չարաչար սխալվում են, մենք այդ վերադարձի մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք մի վերադարձի մասին, որտեղ կլինի անվտանգություն և արժանապատվություն և որը պետք է փոխկապակցված լինի ինքնորոշման իրավունքի հետ։
▪Ես գրեթե համոզված եմ, որ այդ հարցերն այդպես էլ այս իշխանությունների կողմից չեն բերվելու օրակարգ, որովհետև տարբեր մակարդակներով և խողովակներով խնդրել, բարձրաձայնել ենք։ Հիմա ինչ՝ այս ամենը ջայլամային քաղաքականությամբ փակենք, անցնենք առաջ, այս ամենը բերում է այն համոզման, որ եթե Արցախի թեման ուզում ենք որևէ ձևով բաց պահել, ապա այլ իշխանությունների կարիք կա, այս իշխանություններն այն միանշանակ չեն անելու։
▪Ինչ են ասում իրենք. «Լեռնային Ղարաբաղի քույրերը և եղբայրները թող ընդունեն Հայաստանը որպես իրենց հայրենիք և անցնեն առաջ»։ Այսինքը, շատ ներողություն, մեզ առաջարկում են անասունի վարքագիծ։ Մոռացիր, որ քո զավակին երեկ սպանել են և անցիր առաջ՝ ապրիր, վայելիր և այլն։ Սա մեզ համար ընդունելի չէ, և որքան էլ այդ իշխանությունները շարունակում են այդ պնդումները, իրենք էլ մեր համար ընդունելի չեն և նոր իշխանություններ են պետք, որ այս հարցերը կարողանան հասցեագրել։
0Comments