ՀՀ ՊՆ-ին պատկանող 71 անուն գույք հանվել է վաճառքի, այդ թվում՝ նախկին զորամասեր

Մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2022 թ. ապրիլին հայտնի դարձավ, որ «բանակը վերազինելու եւ արդիականացնելու» պատճառաբանությամբ ՀՀ ՊՆ-ին պատկանող 71 անուն գույք հանվել է վաճառքի, որոնց ցանկում՝ նաեւ նախկին զորամասեր: Օրինակ՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասը, նախկին մայրաքաղաքային գունդը եւ այլն։ 2023-ի ապրիլի 20-ի դրությամբ, այսինքն՝ 1 տարի անց, 71 գույքից միայն մեկն է վաճառվել, մեկով էլ հայտերի ընդունումն ավարտված է։ Պետգույքի կառավարման կոմիտեից ասացին, որ 71 գույքից 39-ն է այս պահին փոխանցվել իրենց, մյուս 32-ի մասով դեռեւս հանձնում-ընդունում չի եղել:

Վաճառված գույքը Ծարավ Աղբյուրի փողոցի՝ ՊՆ-ին պատկանող կիսաքանդ շինությունն է՝ 332,72 քմ մակերեսով հասարակական շենքը եւ դրա զբաղեցրած 0.15116 հա մակերեսով հողամասը։ Թե ով է գնել շինությունը, ինչ գնով, խոստացան ասել մոտ օրերս: Շինության նվազագույն գին էր սահմանվել 85 մլն 250 հազար դրամը։ Ինչ վերաբերում է մրցույթով վաճառքի հանված՝ Շիրակի փողոցի նախկին ռուսական զորամասին, ապա նվազագույն գին է սահմանվել 190 մլն 950 հազար դրամը։ Այն կազմված է 715.56 քառ. մետր մակերեսով հասարակական շենքից եւ դրա զբաղեցրած 0.17475 հեկտար մակերեսով հողամասից։ Կոմիտեից նշեցին, որ չեն կարող ասել, թե այս գույքի համար քանի հայտ է ներկայացվել, հայտերը դեռ փակ արկղի մեջ են` կբացվեն մրցույթի ժամանակ»: