Վստահաբար կարող ենք իրենց այդ տարածքից վռնդել, բայց դա կարող է վերածվել մասշտաբային պատերազմի. Արմեն Խաչատրյան

Մանրամասներ

1

Հարցին, թե կա՞ տարբերակ ադրբեջանցիներին մեր տարածքից դուրս շպրտելու, այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց. «Երեկ 2 ժամ մարտական գործողություններ ունեցանք, տեսաք արդյունքն ինչ եղավ: Երբ այդ ռեսուրսները կունենանք, այդ ժամանակ, այո, կարող ենք իրենց վռնդել այդ տարածքից:

Կարող ենք իրենց տարածքից վռնդել, բայց դա կարող է վերածվել էսկալացիայի եւ մասշտաբային պատերազմի, իսկ մասշտաբային պատերազմի ընթացքում գաղտնիք չէ՝  ինչքան են մեր ռեսուրսները ու արդյոք կարող ենք դիմակայել ու ինչքան կարող ենք դիմակայել: Մեր բանակը հաստատ խնդիր չունի, կարող  է մի ժամվա մեջ բոլորին վտարել, բայց պետք է հաշվի առնել հետագան», - նշեց Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: