Քոչարյանը կմնա կալանքի տակ

Հրապարակվեց որոշումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու անփոփոխ թողնել Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:

«Որոշումը հրապարակվեց: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ մերժվել են: Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ»,- ասաց Մուրադյանը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2-րդ անգամ կալանավորվել է դեկտեմբերի 7-ին: Վերջինս «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: