«Դավաճան» բառն էլ արժեզրկեցին արդեն՝ այնքան տեղի-անտեղի օգտագործեցին․ Հովիկ Աղազարյան

Մանրամասներ
ա

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել՝ հագեցած օրակարգով։ Իշխանության օրակարգին սեփական օրակարգով մասնակցում էր նաեւ ընդդիմությունը։ Ընդդիմադիր 2 խմբակցություններից, սակայն, ակտիվ էին միայն «Հայաստան» դաշինքի պատգամավորները, որոնք հարցուպատասխանի մեջ էին մտել ՔՊ-ականների հետ, փորձում էին քննադատել, հորդորել, առաջարկներով հանդես գալ։ «Պատիվ ունեմ»-ը գրեթե ներկա չէր, տեւական ժամանակ միայն  Աննա Մկրտչյանն էր նստած դահլիճում, որ իրեն առանձնացրել է խմբակցությունից՝ որպես «ամենասկզբունքային ընդդիմադիր»։ Հետո խմբակցության մյուս անդամները եկան, մի քիչ մնացին՝ գնացին։ «Հայաստան»-ի պատգամավորներն էլ առանց լարվածության, առանց սուր ձեւակերպումների, առանց վիրավորական տեքստերի էին հանդես գալիս։

Որոշ ընդդիմադիրներ անգամ ընդմիջումներին ՔՊ-ականների հետ դահլիճում զրուցում, քննարկում էին ինչ-որ հարցեր, օրինակ՝ Սեյրան Օհանյանն ու «Նավակ ճոճողը»։ Միայն մի պահ իրավիճակը մի փոքր սրվեց, երբ ՊՊԾ-ն վարչապետի ենթակայության տակ մտցնելուն նվիրված հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց․ «Եթե վարչապետը վերցնի զենքն ու ինչ-որ մեկին ուզի գյուլլել, ՊՊԾ-ն ի՞նչ պետք է անի»։ ՔՊ-ականներին դուր չեկավ այս ակնարկը, ու անմիջապես անցան հակահարձակման՝ խայթելով Ռոբերտ Քոչարյանին, թե այդ ի՞նչ փորձառություն ունեք, որ երկրի ղեկավարը կարող է զենքով մարդ գյուլլել, որ հիմա Նիկոլ Փաշինյանի հասցեին եք այդպիսի ակնարկներ անում։ Ամեն դեպքում ակնհայտ էր, որ ՔՊ-ականները շատ ուրախ են, որ ընդդիմությունը վերջապես քարը փեշից թափել ու վերադարձել է խորհրդարան։ Հայկ Կոնջորյանը, օրինակ, մի փոքր հեգնանքով, այդուհանդերձ ողջունեց ընդդիմությանը, որ կարեւորել են այս ամբիոնն ու մասնակցում են նիստին՝ ձեռքի հետ կշտամբելով կառավարության հետ հարցուպատասխանին կամ հանձնաժողովներում քննարկմանը չմասնակցելը՝ այ, եթե մասնակցեին, այսօր իրենց բարձրացրած հարցերի պատասխաններն այն ժամանակ կստանային։

Ընդդիմության վերադարձի ջատագով Հովիկ Աղազարյանին հարցրինք՝ ուրա՞խ է, որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան, ստացվո՞ւմ է աշխատանքը նրանց հետ։ «Ես միշտ կարեւորել եմ ընդդիմության ներկայությունը խորհրդարանում, որովհետեւ առանց ընդդիմության մասնակցության խորհրդարանի աշխատանքների որակն էն մակարդակի վրա չէ, ինչ որ կարելի էր ակնկալել»,- ասաց նա։

- Ձեր հորդորնե՞րն ազդեցին, որ ընդդիմությունը վերադարձավ։

- Չէ, ես կարծում եմ՝ իրենք մարտավարությունն են փոխել։

- Հա՞ որ, հիմա ինչպե՞ս են պայքարում ձեր դեմ։

- Ինտելեկտուալ ֆրոնտով։

- Կարողանո՞ւմ են հաղթել ձեր «հզոր ուղեղներին»։

- Դրվագ առ դրվագ կարողանում են, բայց ընդհանուր առմամբ՝ ոչ։

- Թվաքանակով քիչ են, դրա՞ համար։

- Քիչ են, այո։

- Փաստորեն, ձեր դեպքում քանակն է որակ ստեղծում։

- Դե, կա էդ ձեւի կատեգորիա։

- Բայց ձեզ այլեւս վատ հարցեր չեն տալիս, չեն հիշեցնում, որ դավաճան, կապիտուլյանտ, հողատու եք։

- Էդ «դավաճան» բառն էլ արժեզրկեցին արդեն՝ էնքան տեղի-անտեղի օգտագործեցին։

- Բայց հարցուպատասխանին չեն գալիս, ընտրողաբար են մասնակցում նիստերին։

- Մյուս անգամ կգան արդեն, հաջորդ անգամ էդ էլ կանեն։ Ադապտացիոն պերիոդ են, էլի, անցնում հիմա։

- Էլ չե՞ք ծեծելու։

- Դե, եթե խելոք մնան, խի՞ պիտի ծեծենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։