ՀՌԿԿ-Հայաստան կազմակերպությունը հրապարակել է հերթական հարցման արդյունքները Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ, որին մասնակցել է 1520 մարդ։ Ըստ այդ արդյունքների՝ Հայաստանում ամենակոռումպացված կառույցներն են դատարանները, ԶԼՄ-ները, եկեղեցին, կուսակցությունները։
Ընդհանուր առմամբ, ըստ հարցվածների, թափանցիկ չէ կուսակցությունների/դաշինքների, ԶԼՄ-ների, նախընտրական քարոզարշավի և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը։ 79-81%-ը կուսակցությունների կամ դաշինքների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը գնահատում է ոչ թափանցիկ, մինչդեռ նույն կարծիքն ունի երիտասարդների 72%-ը։ Քաղաքացիների 76-77%-ը,անկախ բնակավայրից ոչ բավարար թափանցիկ կամ ընդհանրապես ոչ թափանցիկ է ընկալում ԶԼՄ-ների ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվությունը։ Քաղաքացիների 69-73%-ը ընտրական գործընթացների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը համարում է ոչ բավարար թափանցիկ կամ ընդհանրապես ոչ թափանցիկ: Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությանը, ապա 51-ից բարձր տարիքի քաղաքացիների 74-75%-ն այն գնահատում է ոչ թափանցիկ, մինչդեռ երիտասարդների 61%-ն է այդ կարծիքին։
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, անդրադառնալով իրականացված հարցումներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեև շատ վաղուց դադարել է սոցիոլոգիական հարցումներին հավատալ, բայց այս դեպքում առնվազն երկու կետով իր տեսակետի հետ համընկնում է:
«Այն մարդկանց հետ, որոնց հետ ես եմ խոսել, գոնե իմ շրջապատը, որ շատ տարբեր է, իրենք էլ են գտնում, որ առնվազն դատարանների և մեդիայի հետ կապված մեծ խնդիր ունենք: Եկեղեցու հետ կապված, չգիտեմ՝ հարցվածներն ինչով են առաջնորդվել, բայց չեմ բացառում նման տարբերակը»,-ասաց իրավապաշտպանը:
Դիտարկմանը, որ հարցվածների 69,5 տոկոսը գտնում է, որ կուսակցությունների, լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը թափանցիկ չեն, նաև ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզարշավի ֆինանսական աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը թափանցիկ չէ, նա ասաց. «Այս առումով մի քիչ զարմացած եմ, փաստորեն բավականին տեղեկացված հասարակություն ունենք, որը շատ մանրակրկիտ դետալային է հետևում իրավիճակներին: Այն, որ կուսակցությունները թափանցիկ չեն, այդ տեսակետն այդքան էլ չեմ կիսում, որովհետև ակնհայտ է, որ մեր կուսակցությունների մոտ 90 տոկոսը մարդ-կուսակցություններ են, որոնք ունեն շատ կոնկրետ հովանավորներ, հովանավորներն էլ շատ կոնկրետ հայացքներ կամ շահեր ունեն: Գուցե հրապարակային ու հաշվետվողական չեն, բայց շատ հասկանալի է, թե որ կուսակցությունն ինչով է զբաղված:
ՀԿ-ների հետ կապված, ես չգիտեմ, թե հասարակության քանի տոկոսն է փորձել ճշտել, թե ով որտեղից է ֆինանսավորվում ու չի ստացել դրանց պատասխանները: Երևի թե այս ամբողջի մեջ ամենաթափանցիկը քաղհասարակությունն է: Գոնե իրկան քաղհասարակությունը, ոչ թե նորից նախկին իշխանության կարկառուն դեմքերի, տարբեր պաշտոնյաների այսօրվա ստեղծած ՀԿ-ները, որոնք իսկապես չես հասկանում՝ որտեղից են ֆինանսավորվում: Մնացածի կայքերում հրապարակային գրված է, թե ով որտեղից է ֆինանսավորվում, ինչ ծրագիր է իրականացնում: Դա գաղտնիք չէ»:
Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր նվազեցնել կոռուպցիան Հայաստանում, նախորդ տարի հարցվածների 22,5 տոկոսը համարել է, որ ընդհանրապես չի կարող նվազեցվել, իսկ այս տարի՝ 4,2 տոկոսը, Կարապետյանցը նշեց, որ շատ հեշտ է կոռուպցիան նվազեցնել, ընդ որում՝ նվազեցնել շատ կտրուկ, որովհետև Հայաստանը փոքր և ունիտար պետություն է և անգամ հատուկ ծառայություններ ու կառույցներ պետք չեն հասկանալու՝ ով է իր աշխատավարձի «գյորա» ապրում, ով ոչ: Ըստ նրա՝ անգամ հարևանները կարող են վեթինգ և լյուստրացիա իրականացնել իրենց հարևանությամբ ապրող պաշտոնյաների.«Փոքր պետության պայմաններում շատ հեշտ է այդ ամենն անել, ուղղակի պետք է դրա վերաբերյալ ավելի հետևողական լինել: Այսինքն՝ պետք չի հարուցել քրեական գործեր, հետո պայմանավորվածությունների գալ ու նախկին օլիգարխին հայտարարել մեծահարուստ, խոշոր սեփականատեր: Հետո նորից ուրիշ քրգործ հարուցել, հետո դա էլ կոծկել: Այսինքն՝ պետք է ոչ թե հիմարություններով ու ժամավաճառությամբ զբաղվել, ժողովրդի աչքին էժանագին «աչոկներ» հավաքել, այլ պետք է ուղղակի աշխատել: Դա շատ հեշտ պրոցես է: Այլ խնդիր է, որ մեր հասարակության մեջ կաշառքը շատ տարածված գործիք է, ես անգամ կատակ եմ լսել, որ կաշառքը մատաղի նման միշտ ընդունելի է:
Եթե համակարգերը աշխատեն նորմալ, արդար ու ռացիոնալ, ոչ ոք չի փնտրի կոռուպցիայի միջոցներ: Մարդիկ դիմում են կոռուպցիայի, որովհետև պետական համակարգերը չափից դուրս ծանր են, ընթացակարգերը անտրամաբանական ցածր է, կամ օրենքներն այնպիսին են, որ և հօգուտ քաղաքացու կարող են որոշում կայացվել, և հակառակը: Դա է պատճառը, որ մարդիկ նախընտրում են պրոցեսներն արագացնելու կամ ցանկալի տարբերակը ստանալու համար դիմել կոռուպցիայի: Դա շատ արագ կարելի է վերացնել»:
Վարչապետին ու իր աշխատակազմին մեծապես կոռումպացված է համարում հարցվածների 21 տոկոսը, մինչդեռ 2019-ին հարցվածների 75 տոկոսը համարում էր, որ վարչապետն ու իր աշխատակազմը բնավ կոռումպացված չեն:
Կարապետյանցի դիտարկմամբ՝ սա նշանակում է, որ հասարակությունը սկսում է քիչ-քիչ տեսնել այն, ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք՝ ռեսուրսների օգտագործման անհամաչափ բաշխում, իշխանության ներկայացուցիչների առանձին կերպարների կտրուկ հարստացում, իրենց հարազատների բիզնեսների կտրուկ բարգավաճում:
«Նրանք, որոնք մինչև այս պահը չեն տեսնում այդ խնդիրը, այդ մարդիկ ուղղակի ի վիճակի չեն ադեկվատ գնահատելու իրավիճակը: Շարքային քաղաքացու համարն ի՞նչ տարբերություն Սերժ Սարգսյանի բարեկամներն էին ասֆալտ փռում, թե՞ Ալեն Սիմոնյանի բարեկամներն են ասֆալտ փռում, եթե այդ պրոցեսը խախտումով է արվում: Կամ նախարարներից մեկի կնոջ հիվանդանոցը շատ ավելի շատ է սկսել ստանալ պետական պատվերներ և սուբսիդիաներ, քան մինչ այդ: Նախկինում էլ ինչ-որ մեկի խնամին էր ստանում: Ձեզ համար ինչ տարբերություն, ձեր կյանքում ի՞նչ է փոխվում, որ Նիկոլի թիմից են իրար լավություն անում, թե՞ Սերժի թիմից: Հարցը սկզբունքային պետք է դնել, այդպիսի հարաբերություններ առհասարակ պետք է չլինեն: Քանի դեռ կա այն 20 տոկոսը, որը մտածում է, որ մենք չենք կարող պայքարել կոռուպցիայի դեմ, մենք դժվարություն ենք ունենալու: Եթե մենք 5 տոկոս կամ առավելագույնը 10 տոկոս մարդ ունենանք, որոնք ցանկություն ունեն կոռուպցիայի դեմ պայքարելու, կամ դատական համակարգի խնդիրների դեմ պայքարելու, այս երկրում ամեն ինչ կփոխվի: Քանի դեռ բոլորը իներտ ապրում են, հարմարվում են, հին ձևերով իրենց հարցերն են լուծում, դատարաններն էլ կոռումպացված կլինեն, իշխանություններն էլ, խնդիրներն էլ չեն լուծվի: Բայց ես կարծում եմ, որ մենք ունենք այդ շանսը քիչ-քիչ արթնանալու, հասարակությունը սկսում է հասկանալ, ուղղակի մի քիչ էլ է ժամանակ պետք»,-հավելեց նա:
0Comments