Փաշինյանի վաշինգտոնյան այցի իրական մոտիվները․ Սուրեն Սարգսյան
Ապրիլի 28, 2025

Փաշինյանի վաշինգտոնյան այցի իրական մոտիվները․ Սուրեն Սարգսյան

By Փետրվարի 05, 2025 67

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Փետրվարի 3-7-ը Նիկոլ Փաշինյանը կգտնի Վաշինգտոնում։ Այցի պատրվակը մասնակցությունն է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը։ Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆորմալ առումով սա հիմք հանդիսացավ Փաշինյանի վաշինգտոնյան այցի համար, որը սկսվեց փետրվարի 3-ին։

Սակայն կարծում եմ, որ Փաշինյանի իրական օրակարգը բացարձակապես այս միջոցառումներին մասնակցելը չէ։ Բոլորին հայտնի է, որ Փաշինյանն առանձնապես աչքի չի ընկնում հավատքի և կրոնի նկատմամբ իր հետաքրքրվածությամբ կամ հավատքի ուժով։ Ավելին, ինձ զարմացրեց, որ այցին մասնակցում է նաև Արսեն Թորոսյանը, ով, որքանով ինձ հայտնի է, նույնպես կրոնական մարդ չէ։ Սա նշանակում է, որ նրա այցի նպատակը այլ է, և կրոնական միջոցառումները ընդամենը պատրվակ են։ Կարծում եմ, որ այցի իրական պատճառներն այլ են։ Մասնավորապես՝

1. Փաշինյանի համար կենսական անհրաժեշտություն է հասկանալ, թե ո՞ր ուղղությամբ է զարգանալու Թրամփի արտաքին քաղաքականությունը։ Արդյո՞ք նա կարող է ապավինել ԱՄՆ աջակցությանը, և արդյո՞ք Թրամփի վարչակազմը կտրամադրի այն տնտեսական, ֆինանսական և քաղաքական աջակցությունը, որը Բայդենի վարչակազմը տրամադրում էր Փաշինյանին։

2. Փաշինյանի համար կենսական նշանակություն ունի այս վարչակազմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի վերաբերյալ։ Նա պետք է հասկանա, թե արդյո՞ք Թրամփի թիմը պատրաստ է շարունակել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։

3. Նա պետք է հասկանա, թե արդյո՞ք այս վարչակազմը հետաքրքրված է իր՝ այսպես կոչված խաղաղության խաչմերուկի կոնցեպտով և որքանով է պատրաստ աջակցել դրա կյանքի կոչմանը:

4. Նա պետք է պարզի, թե արդյո՞ք ամերիկացիները շարունակելու են միջնորդավորված աշխատել Թուրքիայի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։

5. Նա պետք է պարզի, թե ինչպիսին է լինելու Թրամփի քաղաքականությունը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի հասկանա, թե որքան մանևրելու հնարավորություն կունենա այս երկրների հետ հարաբերություններում կամ որքան կկարողանա դիստանցավորվել դրանցից։

6. Նա փորձելու է հասկանալ, թե որքանով է այս վարչակազմը հետաքրքրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությամբ ընդհանրապես և ԱՄՆ առաջնահերթություններով՝ մասնավորապես։

7. Եվ վերջապես, Փաշինյանը պետք է համոզի ԱՄՆ իշխանություններին, հայ համայնքին և լոբբիստներին, որ Վաշինգտոնը չկիրառի ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ, հրաժարվի 907-րդ բանաձևից և ցանկացած այլ բանաձևի հնարավոր ընդունումից, որը կարող է ուղղված լինել Ադրբեջանի և Ալիևի դեմ՝ թեմա, որի մասին պաշտոնական Բաքուն վերջին օրերին շատ է խոսել:

Այս հարցերին լավագույնս կարող են պատասխանել Թրամփը, պետքարտուղարը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, պաշտպանության քարտուղարը և տարբեր պետական հաստատությունների տարածաշրջանային պատասխանատուները։ Տեսնենք՝ նրանցից ում հետ կհանդիպի Փաշինյանը։

Հայաստանի իշխանությունը վստահ էր, որ ընտրություններում հաղթելու են դեմոկրատները, և այս ցայտնոտային այցի կազմակերպման պատճառներից մեկն էլ հենց դա է»։

Rate this item
(0 votes)

Լրահոս