«Ժողովուրդ». Բանակից ազատվելը «Ֆուտբոլի ճանապարհով» նորաձև է. թվեր
Մայիսի 06, 2025

«Ժողովուրդ». Բանակից ազատվելը «Ֆուտբոլի ճանապարհով» նորաձև է. թվեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կառավարության թեթև ձեռքով ֆուտբոլային կարիերա զարգացնելու համար շատերն են ազատվում ժամկետային զինծառայությունից։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բանակից ազատվելու «հրաշալի միջոց» է դարձել 2019 թ․-ից ստեղծված ու մինչ օրս գործող ՀՖՖ ԲԿՄԱ–ում (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) գրանցվելը։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՖՖ-ին, ՀՀ ՊՆ-ին, որտեղից պնդել էին, որ սպորտում մնալու համար բանակից ազատվելու մասին ինֆորմացիան ԿԳՄՍՆ դաշտում է։

Դիմեցինք ԿԳՄՍՆ՝ փորձելով հասկանալ՝ 2019-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը պարտադիր զինվորական ծառայությունից, սահմանված կարգով, քանի անձ է ազատվել սպորտով զբաղվելու պատճառաբանությամբ, և ստացել ենք հետևյալ պատասխանը․ 

«2019-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայությունից սահմանված կարգով ազատվել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականների (երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող 68 ֆուտբոլիստ, այդ թվում՝ ըստ նշված տարիների զորակոչերի.

2019 թվական՝ 6 ֆուտբոլիստ,

2020 թվական՝ 6 ֆուտբոլիստ,

2021 թվական՝ 18 ֆուտբոլիստ,

2022 թվական՝ 15 ֆուտբոլիստ,

2023 թվական՝ 14 ֆուտբոլիստ,

2024 թվական՝ 9 ֆուտբոլիստ,

2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ՝ փաստաթղթերի ներկայացման ժամկետը չի ավարտվել: Սահմանված կարգի համաձայն՝ այն ավարտվելու է զորակոչի վերջին օրվան նախորդող 30-րդ օրը (գործընթացը շարունակվում է)»:

Ստացվում է, որ ամեն տարի միջինում բանակից ազատվել է ֆուտբոլի մեկնարկային կազմի քանակով (11 անձ) երիտասարդ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս