Թրամփն առաջարկել է DOGE–ին ստուգել Մասկին
Հուլիսի 01, 2025

Թրամփն առաջարկել է DOGE–ին ստուգել Մասկին

Իլոն Մասկի կողմից ծախսերի և հարկերի վերաբերյալ օրինագծի հասցեին հնչեցրած քննադատությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Պետական արդյունավետության դեպարտամենտին (DOGE), որը նախկինում գլխավորում էր Մասկը, ստուգել ձեռնարկատիրոջ գործունեությունը։

«Առանց հրթիռների, արբանյակների արձակման և էլեկտրական մեքենաների արտադրության մեր երկիրը մի ամբողջ կարողություն կխնայեր։ Գուցե DOGE-ը պետք է ավելի ուշադիր ուսումնասիրի դա», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Մայիսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատեց Թրամփի նախաձեռնած օրինագիծը, որը նա անվանել էր «միացյալ, մեծ և գեղեցիկ»։ Փաստաթուղթը նախատեսում է դաշնային ծախսերի կրճատում և միաժամանակ մեծածավալ հարկային արտոնություններ է սահմանում։ Կոնգրեսի բյուջետային վարչության հաշվարկներով՝ դա կհանգեցնի ինչպես բյուջետային դեֆիցիտի, այնպես էլ պետական ​​պարտքի ավելացման։

Իլոն Մասկը բազմիցս քննադատել է նախաձեռնությունը՝ նշելով, որ առաջարկվող միջոցառումները կհանգեցնեն բյուջեի դեֆիցիտի մինչև 2.5 տրիլիոն դոլարի աճի և ամերիկացիների վրա չափազանց մեծ պարտքային բեռ կդնեն։

Վերլուծաբանների գնահատականներով`եթե դեմոկրատների և հանրապետականների միջև պետական պարտքի առավելագույն շեմի բարձրացման վերաբերյալ բանակցությունները ձախողվեն, ԱՄՆ–ն կարող է հայտնվել դեֆոլտի եզրին արդեն օգոստոսին։

Վերջին տարիներին փոխառության սահմանաչափի քննարկումը Կոնգրեսում սուր քաղաքական պայքարի առարկա է դարձել։

Rate this item
(0 votes)

Լրահոս