ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կիևի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկը։
«Սա կարող է հիանալի օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար: Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջանալի «սպանդը» ավարտվի», - գրել է նա Truth Social-ում:
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել հակամարտության] երկու կողմերի հետ՝ ապահովելու համար, որ դա (բանակցային գործընթացը-Խմբ.) տեղի կունենա»։
Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի առաջարկը որակել է «առաջին, բայց անբավարար քայլ», հայտնում է AFP-ն։
Մակրոնը նաև ասել է, որ Պուտինը «ելք է փնտրում և ցանկանում է ժամանակ շահել» և ընդգծել, որ «անվերապահ զինադադարին չպետք է նախորդեն բանակցությունները»։
Ավելի վաղ Պուտինը Կիևի իշխանություններին առաջարկել էր առանց որևէ նախապայմանի վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի վերջին։ Համապատասխան նախաձեռնության մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Կրեմլում լրագրողների առջև հայտարարություն անելով։ Առաջարկվում է բանակցությունները վերսկսել մայիսի 15-ին Ստամբուլում։